
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջիկայում պատրաստվում է ստորագրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին օրենքը. Interfax-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, որը այցով գտնվում է Վրաստանում։ «ԱՄՆ նախագահը շատ շուտով կստորագրի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծը»,- ասել է նա:
Հուլիսի 27-ին ամերիկյան սենատն ընդունել էր Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ սահմանափակող միջոցառումների մասին օրինագիծը։ Փաստաթղթին հավանություն էր տվել 98 սենատոր, դեմ էին հանդես եկել 2-ը։
Ամերիկյան օրինագծով նախատեսվում են սահմանափակումներ, որոնք վերաբերում են տնտեսության առանցքային ճյուղերին՝ նավթագազայինից մինչև բանկային: ԱՄՆ նախագահը միջոցառումներ կընդունի ընդդեմ ընկերությունների, որոնք պատրաստվում են ներդնել ռուսական արտահանող խողովակաշարերի շինարարությունում տարեկան ավելի քան 5 մլն դոլար։ Փաստաթղթում նշվում է նաև «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությանը հակազդելու ԱՄՆ-ի ձգտման մասին։




