

Սփյուռք-Հայրենիք կապում բազմաթիվ դրականի կողքին անընդհատ հայտնվում են խնդիրներ, որոնք ստվերում են ցանկացած լավ գաղափար եւ ծրագիր: Հայրենիքից անընդհատ հնչող կոչերի կողքին շատերը դեռ հիշում են Վալերի-Աշխեն Գործունյանի երեւանյան բիզնեսի փորձը: 16 տարի Հայաստանում աշխատելու եւ հիմնադրած «Փարիզյան սուրճ» սրճարանը զարգացնելուց հետո սփյուռքահայ գործարարը վաճառեց կայացած բիզնեսն ու հեռացավ Հայաստանից: Գործարարներին խոչընդոտող դրսեւորումները դեռեւս հայաստանում պահպանվում են եւ այսօր արդեն բողոքի ձայն է բարձրացնում այլ սփյուռքահայ գործարար, թեեւ Սփյուռքի նախարարը պնդում է՝ այստեղ հաստատվածներից շատերը մեզանից ավելի լավատես են:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը չունի որեւէ տվյալ, թե սփյուռքահայերի խնդիրներով զբաղվելու տարիներին քանիսին է հաջողվել «հեղափոխել» եւ վերադարձնել հայրենիք: Խնդիրն ունի երկու կողմ՝ հայրենադարձություն եւ արտագաղթի կասեցում: Այս հարցում Սփյուռքի նախարարը պարբերաբար աչքի է ընկնում ոչ ավանդական կոչերով: Հայկական բանկերում հազարական դոլար ներդնելու սփյուռքահայերին ուղղված ապարդյուն կոչին այսօր արդեն եկավ փոխարինելու նոր շարժումը.
«Չպետք է լինի մի հայ, որ Հայաստանում եղած չլինի եվ սկսել ենք նոր շարժում՝ երեք տարին մեկ անգամ հանգստացեք Հայաստանում: Դուք կհանգստանաք, մենք՝ կհարստանանք»:
Այս կոչը հնչեց մի քանի շաբաթ առաջ Աժ-ում: Թե ինչպես այս անգամ կարձագանքի Սփյուռքը այս կոչին՝ ժամանակ է անհրաժեշտ հասկանալու: Բազմաթիվ սփյուռքահայերի սակայն Հայաստանն արդեն գրավել է՝ ասում է Հրանուշ Հակոբյանը:
Հայաստանի նորագույն պատմության մեջ շատ են օրինակները, երբ սփյուռքահայերը մեծ ակնկալիքներով գալիս են Հայաստան՝ նաեւ շենացնելու եւ ծաղկեցնելու հայրենիքը՝ փոխարենը ստանալով բազմաթիվ խնդիրներ, հիասթափություն եւ վերջնական արդյունքում՝ հայրենիքը հերթական անգամ լքելու անհրաժեշտություն: Սփյուռքահայ գործարար, մասնագիտությամբ ռեժիսոր Հովհաննես Ստեփանյանին Հայաստանը գրավել է դեռեւս 1985 թվականից, բայց միայն վերջին տարիներին է որոշել այստեղ զբաղվել բիզնեսով: Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի եւ Վայոց ձորի մարզերում հիմնել է գյուղական անասնապահական տնտեսություն, որը պայմանականորեն կոչվում է «ԶԱԳԻՀ», ինչը նշանակում է զբոսաշրջություն ավանդական գյուղատիպ ինքնաբավ համայնքում:
Վերջերս Սփյուռքի նախարարն ընդունել էր Հայաստանում հաստատված սփյուռքահայերի՝ հասկանալու՝ ինչ խնդիրներ ունեն այստեղ եւ ինչի վրա է անհրաժեշտ ուշադրություն դարձնել: Ասում է՝ հանդիպման եկածները մեզանից ավելի լավատես էին: Նախարարին հավաստիացրել են, որ հաջողություններն էլ են իրենցը, խնդիրներն էլ: Հովհաննես Ստեփանյանը այս լավատեսական հանդիպմանը չի եղել, թեեւ արդեն տեւական ժամանակ է, ինչ բարձրաձայնում է ավելացող խոչընդոտների մասին: Դրանցից մեկը Վայոց ձորի մարզի Շատին համայնքում է: Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր ընկերությունն արդեն հիմնադրած ֆերմային հարակից տարածքով բարձրավոլտ էլեկտրալարեր է անցկացրել, ինչի հետեւանքով գործարարը խնդիրներ է ունեցել: Մեկ այլ տարածքում Ստեփանյանը նախատեսել էր զբաղվել գոմեշաբուծությամբ ու նաեւ զբոսաշրջության նպատակներով հիմնել ջրաղաց: Ծրագիրն արդեն հաստատվել էր կառավարությունում, բայց գործարարն այն չի կարող կյանքի կոչել, քանի որ տվյալ տարածքում գետը ցամաքել է կառուցված ՀԷԿ-երի պատճառով:
Այս պահի դրությամբ սփյուռքահայ գործարարը սպասում է պատասխանների: Գրած նամակ բողոքներին կառավարությունը դեռ չի արձագանքել, Բնապահպանության նախարարությունից էլ խնդրել են շատ աղմուկ չբարձրացնել մինչեւ նախարարը արձակուրդից վերադառնա: Ի դեպ, սփյուռքահայ գործարարն ասում է, որ ՀԷԿ-երի աշխատանքը շատ լուրջ վնասում է գյուղատնտեսությանը եւ զբոսաշրջության զարգացմանը: Սփյուռքահայ Հովհաննես Ստեփանյանն անգամ անուններով եւ պաշտոններով է նշում, թե որ ՀԷԿ-ը որ պաշտոնյային կամ հայտնի գործչին է պատկանում եւ հավելում, որ «գերակա շահ» հասկացության դիմաց կրած որեւէ վնասի փոխհատուցում այդպես էլ չի ստացել:




