Երեկվա կարկուտը վերջնականապես ոչնչացրեց Արտաշավան համայնքի բերքը


Երեկ երեկոյան հանրապետության մի քանի մարզերում կարկուտ է տեղացել: Ինչպես նախորդ անգամները, այս անգամ էլ հաձնաժողովներ են կազմվում, գույքագրում վնասները: Գյուղացին կառավարությունից փոխհատուցում է ակնկալում, կառավարությունը՝ փորձում է աջակցել: Բերքի կորստի հարյուր տոկոս փոխհատուցման համար պատասխանատուները խոսում են գյուղացիական ապահովագրության ինստիտուտի ներդրման մասին: Մին չ այդ, վարկերի մայր գումարներն են սառեցվում, քննարկվում է նաև ոռոգման ջրի ու հողի հարկերի վճարի զիջման հարցերը: Հայտարարությունները պաշտոնյաներն են հնչեցնում, գյուղապետերը, սակայն, հակառակն են պնդում: Այս տարի արդեն երկրորդ անգամ կարկուտից տուժած Արտաշավան համայնքի ղեկավար Ղազար Կարապետյանն օրինակ, «Ռադիոլուր»-ի հետ զրույցում վստահեցրել է՝ գյուղացին մնացել է անտեր իր հոգսերի հետ:
Այս կարկուտը մի քանի րոպեում ոչնչացրեց Արագածոտնի Արտաշավան համայնքի բերքը։ Այս անգամ՝ վերջնականապես։ Սա գյուղում այս տարի կարկտահարության առաջին դեպքը չէր: Մայիսի 5-ին տեղացած կարկուտը վնասել էր պտղատու ծառերը, այս անգամ վնասվեցին նաեւ հատապտուղները։ Արդյունքում, ըստ գյուղապետ Ղազար Կարապետյանի՝ «Սաղ սևցել ա, մալինա, կլուբնիկ, գիլաս, ինչ նկա սաղ լցրել ա տակը, պրծավ, էս տարի մենք բերք չունենք հավաքելու»:
Ինպես նախորդ, այնպես էլ այս անգամ Կարապետյանը պնդում է՝ հակակարկտային կայանները արդյունավետ չեն աշխատում, նորից նույն օրինակն է բերում:
18 տարվա գյուղապետը վստահ է՝ իրավիճակը կփրկեն միայն հակակարկտային ցանցերը: Մինչ երեկ հույս ուներ փակել երեք վարկերն էլ։ Այսօր արդեն ընտանիքի անդամների աչքերին չի կարողանում նայել, ուր մնաց, թե վարկը փակելու մասին մտածի:
Խոսքը շտկում է՝ սոված չեն, աշխատող մարդը սոված չի մնա, բայց և նշում է՝ «Երբ որ դժբախտություն ա պատահում, գյուղացին մնում ա մինակ ինքը: Եթե էս պահին ինձի պիտի ձեռ չբռնեն, ինձի պետք ա՞ էդ նախարարությունը։ Թող սաղն էլ լուծարեն, ժողովուրդն ինքը իրա գլուխը կպախա»:
Նույն մարզի Կարբի համայնքում նույնպես կարկտահարություն է գրանցվել։ Այստեղ էլ ինչպե նախորդ դեպքերում դեռ կուսումնասիրեն կորուստները։ Առաջին հայացքից վնասվել են խնձորի այգիները: Մոտ 15 րոպե տեղացած կարկուտը բերքի 30 տոկոսն է վնասել: Նախորդ երեք տարիներին այս համայնքում 100 տոկոսով կարկտահարություն գրանցվեց:
Արտաշավան համայնքի ղեկավար Ղազար Կարապետյանի խոսքով՝ «18 տարվա գյուղապետ եմ, ոչ մի բան ես չեմ տեսել: Գյուղացին մնացել ա անտեր ինքն իրա պրոբլեմներով»:
Իրավասուները սակայն հակառակն են պնդում։ Նշում են՝ վնասը հարյուր տոկոսով փոխհատուցելու հնարավորություն բյուջեն չունի, աջակցություն՝ որքան կարող են՝ տրամադրում են: Նմանատիպ հայտարարություններ անում էին ու անում են գյուղոլորտի նախկին ու ներկա պատասխանատուները:
Այժմ քննարկվում է նաև ոռոգման ջրի ու հողի հարկի հետաձգման հարցը: Նախարարը չի մոռանում նշել՝ բյուջեի միջոցները սուղ են, գյուղացիական մյուս տնտեսություններին հորդորում է դրանք չչարաշահել: