Միջազգային

Թրամփ-Պուտին հանդիպման մեծ մասը նվիրված է եղել սիրիական ճգնաժամի հաղթահարմանը

Մոսկվան և Վաշինգտոնը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցել Ուկրաինայում տիրող իրավիճակը բարելավելու ուղղությամբ։ Այդ մասին երեկ երեկոյան հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ տեղեկացնելով ԱՄՆ և ՌԴ նախագահների հանդիպման արդյունքների մասին։

«Ուկրաինական հարցը քննարկելիս՝ ամերիկյան կողմը նշել է, որ ուկրաինական ճգնաժամը լուծելու համար նշանակել են հատուկ ներկայացուցչի։ Կարծում ենք՝ նա Մոսկվա կժամանի մոտ ժամանակներս»,- ասել է Լավրովը։

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն էլ տեղեկացրել է, որ Թրամփի և Պուտինի միջև բանակցություններում մեծ տեղ է գրավել Սիրիայի հարցը։ Թիլերսոնի խոսքով՝ երկրների ղեկավարները փորձել են պարզել Սիրիայի հարցում իրենց դիրքորոշումների նմանություններն ու տարբերությունները։ «Ուշագրավ է, որ իրականում մենք ավելի շատ ընդհանրություններ, քան տարբերություններ ունենք։ Սակայն այն հարցերում, որտեղ այնուամենայնիվ կան տարաձայնություններ, պետք է հսկայածավալ աշխատանք տանել արդյունքի հասնելու համար»,- ասել է Թիլերսոնը։

Հանդիպումը նախատեսված 30 րոպեի փոխարեն տևել է ավելի քան 2 ժամ։

Back to top button