
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը առաջադրվել էր նախագահական ընտրություններում, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չգրանցեց նրա թեկնածությունը, քանի որ չէր վճարել 8 մլն դրամ ընտրագրավը։ Այժմ նա վիճարկում է ընտրագրավի սահմանադրականությունը։ Սահմանադրական դատարանն ընդունել է նրա դիմումը եւ քննության կառնի մարտի 5- ին։
Ընտրագրավի մասին պահանջը չեղյալ համարելու վերաբերյալ դիմումը հասարակական նախաձեռնություն է, ասում է Նարինե Մկրտչյանը և նշում, որ կարևոր է քննարկել ընտրագրավի խնդիրը, որը, ըստ Մկրտչյանի, մասնավոր խնդիր չէ, այլ գլոբալ: Վերջինիս խոսքով` ընտրագրավը ունեցվածքային խտրականություն է սահմանում ՀՀ քաղաքացիների համար:
«Ունեցվածքային ցենզ սահմանելով ընտրական օրենսգրքով՝ ըստ էության ԱԺ քաղաքական մեծամասնությունը Հայաստանում ստեղծել է փակ քաղաքական համակարգ, որով սահմանափակվում են քաղաքացիների քաղաքական և քաղաքացիական ազատությունները»։
Սրա նպատակն այն է, որ քաղաքականությամբ զբաղվելու իրավունքը վերապահավի հասարակության փոքր շերտին: Իսկ ընտրագրավի վերացումը կբացի քաղաքական համակարգը, ասում է Նարինե Մկրտչյանը։
Ըստ նրա՝ «պետք է հնարավորություն տալ, որպեսզի քաղաքականություն մտնեն նոր մարդիկ, նոր գաղափարներով և նոր արժեքներով, իսկ ընտրագրավը սահմանափակում է դրա հնարավորությունը»։
Ընտրական օրենսգրքի ընտրագրավին առնչվող դրույթները հակասահմանադրական են և հակասում են մարդու իրավունքների ու ազատությունների մասին միջազգային այն փաստաթղթերին, որոնց միացել է ՀՀ, կարծում է Նարինե Մկրտչյանը: Նախագահի առաջադրված թեկնածուն դիմել է ՍԴ` հակասահմանադրական ճանաչելու համար ընտրական օրենսգրքի ընտրագրավ սահմանող դրույթները:
«Սահմանադրության 50-րդ հոդվածը սպառիչ սահմանում է հանրապետության նախագահի թեկնածուին ներկայացվող պահանջները, ըստ որի հանրապետության նախագահ կարող են ընտրվել 35 տարին լրացած, վերջին 10 տարում մշտապես ՀՀ- ում բնակվող և վերջին 10 տարում ՀՀ քաղաքացի հանդիսացող յուրաքանչյու ոք: Սահմանադրության այս նորմը սպառիչ տալիս է հանրապետության նախագահի թեկնածուին առաջադրվող պահանջները և օրենսդիրն իրավասու չէ այլ պահանջներ սահմանել հանրապետության նախագահի թեկնածուի համար»,- ասում է ՍԴ- ում Նարինե Մկրտչյանի ներկայացումցիչ Տիգրան Սարգսյանը։
Ըստ նրա՝եթե մեր մոտ նվազագույն աշխատավարձը 35000 դրամ է, ապա նախագահի թեկնածուի համար ընտրագրավ սահմանել, նշանակում է անտեսել Սահմանադրության 2-րդ հոդվածը։ «2-րդ հոդվածը, այսինքն իշխանությունը պատկանում է ժողովրդին, դառնում է անիրագործելի, քանի որ նման պայմաններում ժողովուրդը զրկվում է իր ներկայացուցիչներին առաջադրելու հնարավորությունից»:
Մարտի 5-ին նշանակված դատաքննությունն անցկացվելու է գրավոր ընթացակարգով, սակայն Տիգրան Սարգսյանը միջնորդություն է ներկայացնելու՝ այն բանավոր ընթացակարգով անցկացնելու համար, որպեսզի հասարակությունն իրազեկ լինի խնդրին:
Միջազգային փորձը ցույց է տվել, որ տարբեր երկրներում բարձրացվել է ընտրագրավի հարցը և այն լուծվել հօգուտ թեկնածուների, նշում է Վարչական դատարանում Նարինե Մկրտչյանի ներկայացուցիչ Կարեն Վարդանյանը: Վերջինիս տեղեկացմամբ` Եվրոպայի խորհրդի անդամ 47 պետություններից ընտրագրավի ինստիտուտը գործում է 14- ում, որոնցում այն գույքային խտրականություն չի հանդիսանում։
«Մեծ Բրիտանիայում այս վեճն ունի երկար տարիների պատմություն, ընդ որում՝ այնտեղ ընտրագրավը կազմում է 500 ֆունտ ստերլինգ, երբ որ քաղաքացու միջին աշխատավարձը կազմում է 2500 ֆունտ ստերլինգ է։ Այնուամենայնիվ՝ սա նույնպես վեճերի առարկա է, քանի որ շատերը գտնում են, որ նման սիմվոլիկ գումար սահմանելու իրավասություն օրենսդիրը չունի»,- ասում նկատում է նա։




