Մշակույթ

Բեմում փայլեցին «Փոքրիկ Նանեները»․ կայացավ այս տարվա վերջին հաշվետու համերգը

Հունիսի 29-ին մարդաշատ էր Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնը. տեղի ունեցավ «Փոքրիկ Նանեների» այս տարվա վերջին հաշվետու համերգը: Օրը տպավորիչ էր ոչ միայն առաջին անգամ բեմ դուրս եկած խմբի ամենակրտսեր ներկայացուցիչների եւ նրանց ծնողների, այլեւ համույթի ղեկավարների համար։ Համույթի սաները՝ գեղարվեստական ղեկավար Նարինե Տոպոլյանի գլխավորությամբ, ամփոփեցին նախորդ տարվա իրենց ձեռքբերումները՝ ցուցադրելով թե հայկական, թե աշխարհի տարբեր երկրների ազգային պարեր։
«Չնայած արդեն 7 տարի է պարում եմ այս խմբում, բայց ամեն անգամ բեմ եմ բարձրանում նույն սրտի թրթիռով, նույն խանդավառությամբ ու սպասումով, ճիշտ այնպես, ինչպես առաջին անգամ»,- «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասաց խմբի սաներից մեկը։ Նրա խոսքով՝ ընկեր Նարինեի շնորհիվ սիրեց հայկական մշակույթը, իսկ լավագույնս հայկական պարը ներկայացնելու եւ պարուսույցի գոհունակ հայացքին արժանանալու համար նրանք ջանք չեն խնայում։
Խմբի մասնակիցները գրեթե վստահ են, որ պարը նրանց կյանքում հաստատուն տեղ է զբաղեցնելու։ Դահլիճում նստած ծնողներն ու սփյուռքահայ հյուրերը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասացին․ «Նայելով փոքրիկ պարուհիներին, հասկանում ես, որ այս սերունդն ավելի հայրենասեր է մեծանում»։Խմբի ստեղծագործական հաջողությունները, թերեւս այսքան տեսանելի չէին լինի, եթե չլիներ պրոֆեսիոնալ թիմի համառ աշխատանքը. փորձավար պարուսույցներ Ասյա Մխիթարյան, Սաթենիկ Մնացականյան, Էլեն Կարապետյան, «Փոքրիկ Նանեներ» պարային համույթի տնօրեն Անահիտ Բաբայան, եւ իհարկե, պարերի բեմադրիչ, խմբի գեղարվեստական ղեկավար Նարինե Տոպալյան, ով տարիներ առաջ ավարտելով ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետը, չէր էլ կարող պատկերացնել, որ արվեստը եւ հայ մշակույթը եկող սերունդներին փոխանցելու ձգտումը կհաղթի իրավաբանությանը:

Նշենք, որ լինելով պետական կարգավիճակ չունեցող համույթ, «Փոքրիկ նանեները» մշտապես գտնվում են մշակույթի նախարարության ուշադրության կենտրոնում:

Back to top button