Առաջիկա օրերին սպասվում է մինչև 41 աստիճան տաքություն


Հայաստանին է մոտենում տաք օդի հերթական ալիքը: Ներկայացնելով հուլիս ամսվա եղանակակլիմայական պայմանների կանխատեսումը՝ ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հայտնել է, որ վաղվանից ջերմաստիճանը աստիճանաբար բարձրանալու է և Երևանում սպասվում է մինչև 41 աստիճան տաքություն: Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է՝ սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, ուստի հորդորում է ցուցաբերել առավելագույն զգուշավորություն, մասնավորապես՝ անտառային խոտածածկ տարածքներում:
Որքան էլ հասարակությունը սրտնեղում է շոգ եղանակից, իրականում ամառային շոգ օրերը դեռ առջևում են: Հայաստանի Հանրապետության տարածքին մոտենում են արևադարձային տաք օդային հոսանքներ և առաջիկա օրերին հանրապետությունը գտնվելու է տաք օդի ալիքի ազդեցության գոտում, ներկայացնելով առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները, հայտնեց Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կսկսի բարձրանալ հենց վաղվանից: Մինչև հուլիսի 7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, կդադարեն նաև քամիները: Այդ օրերին օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր կլինի 7-9 աստիճանով:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է՝ սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, ուստի հորդորում է ցուցաբերել առավելագույն զգուշավորություն, մասնավորապես անտառային, խոտածածկ տարածքներում:
Եվ իսկապես՝ վերջին տարիներին կարծես նկատվում է մի երևույթ, երբ ջերմաստիճանի բարձրացումն ու նվազումը շատ կտրուկ է տեղի ունենում: Համաձայնելով «Ռադիոլուրի» այս դիտարկմանը՝ Գագիկ Սուրենյանը պարզաբանեց, որ դա կլիմայի գլոբալ փոփոխությունների հետևանքներից մեկն է միայն:
Ինչ վերաբերում է այս ամռանը և սպասվող շոգերին, Սուրենյանը հայտնեց, որ դրա միակ գիտական հիմնավորումն այն է, որ այդ ջերմային ցիկլոնն ունի 25 տարին մեկ ակտիվացման և թուլացման ցիկլեր, և այս տարի մենք գտնվելու ենք ակտիվ ցիկլի պիկում: