Բիզնես ֆորում` վրացական 30-ից ավելի ընկերությունների մասնակցությամբ
Հայաստան է այցելել վրաց գործարարների պատվիրակություն՝ այդ երկրի Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Գեորգի Գախարիայի գլխավորությամբ: Այցը կազմակերպվել է Հայաստանի եւ Վրաստանի վարչապետերի հանդիպման եւ պայմանավորվածությունների շրջանակներում: Երեւանում էլ այսօր կայացել է հայ-վրացական բիզնես ֆորում, որին մասնակցել են երկու երկրների նախարարները, առեւտրաարդյունաբերական պալատների նախագահները, գործարարներ: Ի՞նչ փոխադարձ հետաքրքրություններ են երկու երկրների գործարարներին հավաքել մեկ հարկի տակ:
«Հայաստանի արտահանման ծավալի ընդամենը 8.2 տոկոսն է, որ ուղղվում է դեպի Վրաստանի Հանրապետություն եւ այդտեղ մենք լուրջ աշխատանքներ ունենք իրականացնելու մեր գործարարների հետ: Այդ ծավալը մենք առնվազն կարող ենք կրկնապատկել»:
Վրաստանի Էմոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Գիորգի Գախարիան կարծում է, որ շատ են այն ճյուղերը, որտեղ փոխգործակցության հնարավորությունները մեծ են: Ղեկավարությունների համար, սակայն, նրա ձեւակերպմամբ, ամենագլխավորն այն է, որ ձեւավորվեն ենթակառուցվածքներ, որտեղ բիզնեսները միմյանց հետ կփոխգործակցեն արդյունավետ:
«Սա ամենագլխավոր խնդիրն է: Ես կարծում եմ, որ բնագավառները մասերով կքննարկեն գործարարներն իրենք, բայց կան բացարձակ առաջնահերթություններ. դա, իհարկե, գյուղատնտեսությունն է, տրանսպորտը, լոգիստիկան, տուրիզմը: Դա, իհարկե, այն հնարավորություններն ու հաջողություններն են, որոնք կան մեր երկրներում: Մենք պետք է կարողանանք կիսվել մեր հաջողություններով, որպեսզի միասին՝ համատեղ արտադրություններով կարողանանք դուրս գալ երրորդ երկրներ: Ես կարծում եմ, որ դա հիմնական խնդիրն է»:
Վրացական կողմն ակնկալում է, որ նման հանդիպումները կդառնան հաճախակի: Գիորգի Գախարիան նկատում է, որ երկու երկրների շատ ընկերություններ ունեն լավ փոխհարաբերություններ եւ 2017 թ.-ին ապրանքաշրջանառությունն սկսել է կամաց-կամաց կայունանալ, անգամ՝ աճել, բայց, նրա համոզմամբ, դեռեւս կա հսկայական ներուժ:
«Ես կարծում եմ, որ 350- 400 միլիոն դոլարի առեւտորը մեր երկու հարեւան երկրների միջեւ շատ քիչ է: Մենք պետք է այստեղ աճ ունենանք»:
Բիզնես ֆորումին վրացական 30-ից ավելի ընկերություն է մասնակցում՝ ամենատարբեր ոլորտներից, հայկական կողմից՝ ավելի քան 120: Կան երկուստեք հետաքրքրություններ ու կոնկրետ ակնկալիքներ երկու երկրների գործարարների շրջանում՝ մեզ հետ զրույցում վստահեցրեց Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը:
Վրաստանի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Նինո Չիկովանին հույս հայտնեց, որ դեմառդեմ հանդիպումները արդյունավետ կլինեն եւ կունենան իրենց զարգացումը:
Հայաստանի եւ Վրաստանի առեւտրաարդյունաբերական պալատների միջեւ այսօր ստորագրվեց համագործակցության հուշագիր: Կողմերը վստահ են, որ այն նույնպես կօժանդակի երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի առաջընթացին՝ մասնավոր հատվածների միջեւ համագործակցությամբ: