
Երեկ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը ռուսական պետական Ռիա-Նովոստի գործակալությանն ասել է, որ հայ եւ ամերիկացի դիվանագետները քննարկում են երկու երկրների ղեկավարների մակարդակով հանդիպում կազմակերպելու հարցը, որի ժամկետը հայտնի կդառնա ՀՀ եւ ԱՄՆ արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքում:
«Առաջին հերթին, մենք պետք է կազմակերպենք հանդիպում արտաքին գործերի նախարարների մակարդակով օրակարգը մշակելու համար, իսկ հետո մենք կնախապատրաստենք նախագահների հանդիպումը»,- նշել է դեսպանը:
Գրիգոր Հովհաննիսյանը նաև ասել է, որ ԱՄՆ նախագահի նախորդ աշխատակազմի հետ բարձր մակարդակով հանդիպումներ կազմակերպելու առումով մի քանի տարի անընդմեջ դադար էր նկատվել, բացառությամբ գագաթնաժողովների ժամանակ կանոնավոր հանդիպումների:
«Այժմ մենք, դիվանագետներս, պետք է կազմակերպենք այս հանդիպումը, հատկապես հիմա, երբ Հայաստանը անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի»,-ընդգծել է դեսպան Հովհաննիսյանը:




