Այլ որակի հաշվետվություններ. նորընտիր պատգամավորների պահանջը՝ կառավարության անդամներից


ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են 2016 թվականի բյուջեի կատարողական քննարկումները՝ ըստ ճյուղերի: Այսօր ֆինանսավարկային եւ բյուջետային ու տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստն էր: Նորընտիր պատգամավորներն այսօր փորձեցին կառավարության անդամներից այլ որակի հաշվետվություններ պահանջել, սակայն այդ նորարարությունների դեմ ընդվզեցին ԱԺ «հնաբնակները»՝ վկայակոչելով ընդունված աշխատանքային ձեւը:
Պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը հստակ չի կարող մատնանշել, թե անցյալ տարվա հոկտեմբերից՝ իր պաշտոնավարումից ի վեր արտոնյալ, հարկային ստուգումներից ազատված ինչ ընկերություններ է բացահայտել ու մտցրել հարկային դաշտ: Անուններ չի նշում, կատարած աշխատանքի հարցում օգնության է կանչում հարկային մուտքերի ավելացման փաստը, թեեւ ընդունում է, որ ամբողջ աշխարհում ստվերը 100 տոկոսով վերացված չէ:
Ի դեպ, Հարությունյանը պետական պաշտոնյա դառնալուց հետո իր բիզնեսը չի հանձնել կառավարման: Այդ գործերը վստահել է ընտանիքի անդամներին, վստահեցնում է, որ շահերի բախում այստեղ չկա:
Ի դեպ, հայտարարագրերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ՊԵԿ ղեկավարը պատկառելի ունեցվածքի տեր է: Բացի դրամով, եվրոյով եւ դոլարով զգալի միջոցներից, ունի նաեւ 12 հողամաս, 3 բնակարան, երկու անհատական բնակելի տուն, երեք ավտոմեքենա եւ 8 մլն դրամը գերազանցող թանկարժեք գույք:
Հաջողակ նախկին բիզնեսմեն, այժմ պետական պաշտոնյա Վարդան Հարությունյանի համար, սակայն, հաշվետու 2016-ը դեռեւս բարձունքի տարի չէ: Ճիշտ է, պաշտոնն ստանձնել է 10-րդ ամսում, ապահովել է հարկային մուտքերի աճ, բայց ընդհանուր մակրոտնտեսական ցուցանիշները լավը չեն: 2016-ն ունեցել է բացասական միտումներ՝ պատգամավորներին բացատրեց ՊԵԿ ղեկավարը:
ԱԺ- ն աշխատանքային տարիների ընթացքում արդեն ավանդույթի վերածված հաշվետվությունների ներկայացման կարգը չգոհացրեց նորընտիր պատգամավորներին։ Պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը ցանկանում էր կոնկրետ հաշվարկներ լսել:
Ներկայացվող թվերը չէին գոհացնում Սերգեյ Բագրատյանին։ Ասում է՝ պատգամավորներին բաժանված հաշվետվություններում այդ թվերը գրված են, անհրաժեշտ է հաշվետվություններն այլ կերպ ներկայացնել:
Նորընտիր պատգամավորներն այսօր փորձեցին կառավարության անդամներից այլ որակի հաշվետվություններ պահանջել՝ հաշվի առնելով նաեւ խորհրդարանական կառավարման անցնելու ու հաշվետվողականության բարձրացման միտումները, սակայն այդ նորարարությունների դեմ ընդվզեցին ԱԺ «հնաբնակները»։
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը վկայակոչեց մշտական հանձնաժողովներում ընդունված աշխատանքային ձեւը: Նա ավանդույթների պահպանման կողմնակից է:
Խորհրդարանական ավանդույթները հուշում են, որ մշտական հանձնաժողովներում մեկուկես շաբաթ ճյուղային քննարկումներից հետո բյուջեի կատարողականի հարցը տեղափոխվում է լիագումար նիստի օրակարգ՝ քվեարկության համար: