Ինչպիսին է Կառավարության ծրագիրը. տնտեսագետների գնահատականը
Կառավարության ներկայացրած 5- ամյա ծրագիրը ոչ միանշանակ է գնահատվում տնտեսագետների կողմից, ոմանք այն հավակնոտ են որակում, ոմանք էլ՝ լավ դրույթներ պարունակող, սակայն՝ ոչ հիմնավորված:
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը կառավարության ծրագիրը գնահատում է « կայունացումից զարգացում տանող քաղաքականություն» ։ Ըստ էության՝ այն լավն է՝ ասում է:
Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը, մինչդեռ, ձեռնպահ է մնում ծրագիրը հավակնոտ որակելուց: Այն լավ դրույթներ պարունակում է, սակայն դրանք զուրկ են հիմնավորումից՝ ասում է:
Ծրագրի հիմնական դրույթներին անդրադառնալով՝ Ատոմ Մարգարյանը նախանշված տարեկան 5 տոկոս տնտեսական աճը ռիսկային, սակայն իրատեսական է համարում:
Ըստ նրա, պետք է նաեւ նկատի ունենալ, որ արտաքին պարտքն արդեն տնտեսական աճի դեմ է։ Եթե երկրի պետական պարտքը գերազանցում է ՀՆԱ 35-36 տոկոսի սահմանագիծը՝ արդեն դժվարություններ է ստեղծում տնտեսական աճի համար:
Քանի որ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ երկիր է, ապա շատ կարևոր է մեր երկրի տնտեսական աճի ապահովման գործում ՌԴ տնտեսական կացությունը, իսկ այնտեղ անցյալ տարի տնտեսական անկում էր, այս տարի էլ, իր բնորոշմամբ, վեհերոտ աճ է կանխատեսվում՝ անգամ 1,5 տոկոսին չհասնող։
Պետք է հիշել, որ Ռուսաստանի տնտեսական վատ վիճակի ֆոնին՝ անցյալ տարի ՀՀ-ում էլ գրեթե տնտեսական աճ չկար, լճացած վիճակ էր, ու կառավարության ծրագրում տնտեսական աճի բարձր շեմ սահմանելը, նրա կարծիքով, ճիշտ չէ:
Վիլեն Խաչատրյանը ևս Հայաստանի տնտեսական վիճակը պայմանավորում է Ռուսաստանի տնտեսական կայունությամբ:
Կառավարության ծրագրում շատ բարձր նշաձող է սահմանված, Ատոմ Մարգարյանի կարծիքով, արտահանման մակարդակ- ՀՆԱ հարաբերակցության համար՝ 40 տոկոս: Նման ցուցանիշ սահմանելու դեպքում կառավարությունը լուրջ ջանքեր պետք է գործադրի ու վարի նոր արդյունաբերականացման քաղաքականություն՝ ասաց: Պետք է փոխել տնտեսական մոդելը:
«Ներդրումային առումով բավականին ռիսկային իրավիճակում է ՀՀ-ն»:
Վիլեն Խաչատրյանը, մինչդեռ, խիստ կասկածներ ունի ներդրումների առումով: 40-45 տոկոս արտահանման աճն էլ հաշվարկելով՝ Վիլեն Խաչատրյանը եկել է եզրահանգման, որ 5 տարի անց 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն փաստորեն կկազմի 4.5-5 հազար դոլար, ինչը, ըստ նրա, ևս խիստ կասկածելի է:
«Դա կասկած է հարուցում ֆինանսական բաղադրիչը ապահովելու տեսանկյունից»:
Թե որքանով է իրակատեսական կառավարության ծրագիրը՝ պայմանավորված է մեծ մասամբ աշխարհաքաղաքական զարգացումներից։ Ժամանակն ու իրադրությունն ավելի հստակ կմատնանշեն, թե որքանով ծրագրում առկա աճի միտումները շոշափելի կլինեն քաղաքացու համար: