

Լրագրողների դեմ բռնություններն առերևույթ կատարված գործողություններ են, և դրանց բացահայտումը պետք է շատ արագ արվեր՝ այսօր «Լրագրողների անվտանգությունն ու մասնագիտական գործունեության խոչընդոտները. հայաստանյան զարգացումներ» թեմայով քննարկման ժամանակ նշել է փաստաբան Արա Ղազարյանը: Իսկ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ Հայկուհի Հարությունյանը ասում է, որ լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտները՝ զուգակցված նրանց դեմ բռնություններով, Հայաստանում կրում են դիտավորյալ և կազմակերպված բնույթ։
Իսկ իրավական առումով ի՞նչ է կատարվում լրատվական դաշտում, ի՞նչ դինամիկա է նկատվել, արդյո՞ք լրագրողների նկատմամբ իրականացվող բռնությունները շատացել են, թե՞ ոչ:
Եվ արդյո՞ք լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտած գործերի դեպքերով կան բացահայտումներ: «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանն ասում է, որ 2016 թ հուլիսյան դեպքերի հետ կապված այս պահին երեք լրագրողի անհատական գործ է գրանցվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
Սակայն վերջինս նշում է, որ լրագրողների նկատմամբ կատարվածը հիմնականում կրում է դիտավորյալ և համակարգված բնույթ:
«Դրանք տեղի են ունենում ոստիկանության իմացությամբ»:
Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ հուլիսյան զարգացումներից հետո քննության ընթացքում ևս լրագրողները վկայակոչել են դեպքեր, երբ ոստիկանությունը շարունակել է իրենց նկատմամբ բռնության գործադրումը, սպառնալիքները»:
Փաստաբան Արա Ղազարյանը փաստում է, որ այսօր մենք ունենք խախտում, բայց չունենք հետևանք, ինչն արդեն ցույց է տալիս, որ կա խտրական վերաբերմունք լրագրողների նկատմամբ, որը գրավում է միջազգային ատյանների ուշադրությունը.« Լրագրողների նկատմամբ կատարված բռնություններն առերևույթ կատարված իրավախախտումներ են, և դրանց բացահայտումը շատ արագ պիտի կատարվեր: Երկու տարի ունենալ 20-ից ավելի դեպք և ունենալ 4 դատական ակտ, որը տուգանքով է ավարտվել, բայց ունենալ 15-17-ից ավելի գործեր, որ դեռ նախաքննության փուլում են և միայն մեկ կամ երկու քննչական գործողություն, բնականաբար, բավարար չէ»:
Արա Ղազարյանը սակայն նկատում է, որ մեծ բացթողում կա լրագրողական համայնքում այն առումով, որ չունեն արհմիություն, որի առկայության դեպքում աշխատանքային իրավունքները պաշտպանված կլինեին, ու կարող էին համախմբել նաև պաշտպանության միջոցները:
Եվ պատահական էր, թե ոչ՝ այս քննարկումից հետո այսօր Հատուկ քննչական կոմիտեն տարածեց հաղորդագրություն 2016- ի հուլիսյան դեպքերի ժամանակ լրագրողներից մեկ նկատմամբ բռնության գործով եւս մի քննության ավարտի մասին։ «Երևանի բնակիչ Սարգիս Սահակյանը խոչընդոտել է «1in.am» էլեկտրոնային լրատվական կայքի լրագրող-օպերատոր Դավիթ Հարությունյանի մասնագիտական օրինական գործունեությանը և կոտրել վերջինիս տեսախցիկը»,- նշված է հատուկ քննչականի տարածած հաղորդագրության մեջ։
Օրինազանցության մեջ մեղադրվողին իր արարքի համար քննիչի կողմից ներկայացվածը մեղադրանքների համար քրօրը սահմանում է մեկ հոդվածով տուգանք, երկրորդի դեպքով՝ առավելագույնը 4 տարի ազատազրկում։




