Մշակույթ

Ավարտվեց «Արտֆեստ» միջազգային երիտասարդական 5-րդ փառատոնը


Ավարտվել է «Արտֆեստ» միջազգային երիտասարդական 5-րդ փառատոնը: Եթե փառատոնի ստեղծման առաջին տարում մասնակցել է 130 երիտասարդ,  ապա այս տարի փառատոնն ստացել է 500 հայտ: Այս տարվա փառատոնն աննախադեպ էր, քանի որ ընդգրկել է գրականության ոլորտը, մասնավորապես՝ դրամատուրգիան և կինոսցենարը: «Մեկ տանիքի ներքո» խորագրով փառատոնի ձեռքբերումն ուկրաինական պատվիրակության հետ կնքած հուշագիրն է, որը լայն հեռանկար է բացում մեր մասնակիցների համար՝ փառատոնի փակմանը նշել է դրա ղեկավարը՝ Էրիկ Բարսեղյանը:

Թատերական ներկայացումներ, կինոդիտումներ, նորաձևության ցուցադրություն, ցուցահանդեսներ, համերգներ, գրական ընթերցումներ, վարպետության դասեր, հանդիպումներ արվեստի հայտնի գործիչների հետ և ոչ միայն. 10 օր շարունակ ամառային օրերն առավել գունավոր դարձրեց հայաստանյան ամենաերիտասարդական փառատոնը: «Արտֆեստը» տարեց տարի ոչ միայն կատարելագործվում է, այլև մասնակիցների թիվն է մեծանում՝ նկատեց փառատոնի ղեկավար Էրիկ Բարսեղյանը: Եթե փառատոնի ստեղծման առաջին տարում մասնակիցների թիվն եղել է 130 երիտասարդ,  ապա այս տարի փառատոնն ստացել է 500 հայտ:

Նմանատիպ երիտասարդական փառատոները ոգևորում են ոչ միայն երիտասարդներին, այլև ավագ սերնդի ներկայացուցիչներին՝ խոստովանեց  ժյուրիի անդամ, ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը։ Նա մասնակիցների մեջ տեսնել է նաև իր ուսանողներին:

Փառատոնի անցկացումից շատ գոհ է նաև մասնագիտական հանձնախմբի անդամ, Հայաստանի ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանը: Միակ խնդիրը, որ  նրան մտահոգում է, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի տեխնիկական հագեցվածությունն է, կամ ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը:

Տարիներ շարունակ փառատոնի անդավաճան մասնակիցն է  մասնագիտական հանձնախմբի անդամ, դերասան Լալա Մնացականյանը: Նա կարծում է, որ այս փառատոնի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ երիտասարդներին համարձակություն և սեփական ուժերի նկատմամբ վստահություն է ընձեռնում:

«ԱրտՖեստ»  երիտասարդական միջազգային փառատոնն անցկացվում է 2013 թվականից Երիտասարդ ստեղծագործողների միության, Երևանի թատրոնի  և կինոյի պետական ինստիտուտի, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Այս տարվա փառատոնն աննախադեպ էր, քանի որ ընդգրկել է գրականության ոլորտը, մասնավորապես՝ դրամատուրգիան և կինոսցենարը:

Back to top button