Տնտեսական

Վարչապետի հանձնարարականը՝ գործադիր մարմինների ղեկավարներին


2017 թվականի հունվար ամսին կառավարությունը ներդրել է էլեկտրոնային ժողովրդավարության նոր գործիք՝ իրավական ակտերի նախագծերի քննարկման միասնական e-draft.am հարթակը:

Կառավարության նիստում  վարչապետը նշել է, որ այդ հարթակը թույլ է տալիս քաղաքացիական հասարակությանը և գործարար ոլորտի ներկայացուցիչներին ակտիվորեն մասնակցել կառավարության օրենսդրական նախաձեռնության աշխատանքներին` ծանոթանալով տեղադրված նախագծերին և ներկայացնելով առաջարկություններ և դիտողություններ:

«Արդյունքում ապահովվում է հանրային քննարկումներ իրականացնելու և հասարակության հետ հետադարձ կապի ապահովման մեր կողմից սահմանված պահանջները: Իրականացված ուսումնասիրությունների համաձայն՝ ոչ բոլոր գերատեսչություններն են ապահովում իրավական ակտերի նախագծերի նշյալ հարթակում պատշաճ կերպով տեղադրելու, ներկայացված առաջարկություններին արձագանքելու և համապատասխան ամփոփաթերթն ու տեղեկանքը ՀՀ կառավարություն ներկայացնելու պահանջի կատարումը»:

Ելնելով վերոգրյալից՝ վարչապետը Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարեց խստորեն հետևել հանրային քննարկմանը ենթակա ՀՀ օրենքների և  կառավարության որոշումների նախագծերի www.e-draft.am կայքում պատշաճ կերպով տեղադրված լինելուն, ինչպես նաև կայքի միջոցով տրամադրված փաստաթղթերը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելու պարտադիր պահանջի պահպանմանը:

Վարչապետը ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարել է մեկամսյա ժամկետումիրականացնել լայնածավալ լուսաբանման աշխատանքներ՝ համապատասխան կայքի հնարավորությունների մասին իրազեկելով քաղաքացիներին, քաղաքացիական հասարակությանը և գործարար ոլորտի ներկայացուցիչներին: 

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին էլ հանձնարարվեց 1-ին կետով սահմանված պահանջի կատարման վերաբերյալ սահմանել վերահսկողություն և ընթացքի մասին պարբերաբար զեկուցել իրեն:

Back to top button