Մեր նպատակն է ՀԴՄ-ներով ծածկել ամբողջ մանրածախ առևտրի դաշտը. վարչապետ


ՀՀ կառավարության նպատակն է ՀԴՄ-ներով ծածկել մանրածախ առևտրի ամբողջ դաշտը: Այդ մասին այսօր՝ կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանից հետաքրքրվել է, թե ՀԴՄ-ների տեղադրման համար վարկավորման գործընթացում ինչ աշխատանքներ են կատարվել:
ՊԵԿ նախագահի տեղեկացմամբ, աշխատում են Ֆինանսների նախարարության հետ համատեղ, առավելագույնը 1-2 օրում առաջարկը կներկայացնեն վարչապետին:
Վարչապետ Կարեն Կարապետյան. «Չափազանց կարևոր գործընթաց է: Մենք նպատակ ենք դրել ՀԴՄ-ներով ծածկել ամբողջ մանրածախ առևտրի դաշտը, ինչը մեզ հնարավորություն կտա ներքին շուկայում աշխատող ոլորտների հարկերը ստվերից բերել: Դա որոշ ժամանակ անց մեզ հնարավորություն կտա սահմանն անցնելու՝ մեր երկիր մուտք գործել, ռեժիմը թեթևացնել, բայց միայն որոշ անց, որովհետև մենք պետք է վստահ լինենք, որ տվյալ ապրանքի վերջնական կետը տեսնում ենք: Դա կբերի տնտեսական ակտիվություն, տնտեսավարողների աճի»,- կարծում է Կարեն Կարապետյանը:
Նրա խոսքով, ՀԴՄ-ների տեղադրման նպատակով ընդհանուր վարկավորման չափը կազմում է 6,5 մլն դոլար: Վարչապետի համոզմամբ, ՀԴՄ-ների լիարժեք տեղադրման պարագայում ներքին վաճառքների չափելիությունը հաշվետվողականությունը սկզբունքորեն կփոխվի: