Սահմանային իրավիճակը կայուն լարված է. Լևոն Մնացականյան


Սահմանային իրավիճակն այսօրվա դրությամբ կարելի է գնահատել կայուն լարված, չեն դիտվում զարգացման միտումներ,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԼՂՀ ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը։
«Նախորդ ամիսների հետ համեմատած որոշակի նվազում կա, չնայած ժամանակ առ ժամանակ լարվածության աճ է լինում։ Եթե համեմատենք ապրիլյան գործողություններից հետո իրավիճակի հետ՝ լարվածությունը մի քանի անգամ նվազել է»,- նշել է Լևոն Մնացականյանը։ Նրա խոսքով՝ կանխվել են հակառակորդի կողմից դիվերսիոն գործողությունները։
«Դիվերսիոն հետախուզական խմբերի գործողությունների վերջնակետը եղել են փետրվարյան դեպքերը։ Ինչ վերաբերում է տարբեր տրամաչափերի զենքերից կրակոցներին՝ դրանք մի քանի անգամ նվազել են։ Կարելի է ասել նաեւ, որ որակական տարբերություն էլ կա։ Մեր կողմից էլ տրվել է համարժեք պատասխան։ Աշխատել ենք այնպիսի հարվածներ հասցնել, որոնց վնասը մի քանի անգամ ավելին է, քան իրենց մեզ հասրածը»,- ասել է ՊԲ հրամանատարը։
Հատված՝ Ռադիոլուրի 10.00-ի թողարկումից