Մշակույթ

Արտավազդ Փելեշյանի «Տարերք» ֆիլմի նախագիծը՝ Կաննի կինոարտադրողների ուշադրության կենտրոնում


Մայիսի 28-ին ավարտվեց ու պատմություն դարձավ Կաննի 70-րդ կինոփառատոնը: Ֆրանսիայի լազուրե ափին անցկացվող այս կինոիրադարձությունը շատերին հետաքրքրում է կարմիր գորգի արարողությամբ, որին համաշխարհային աստղերը նախապատրաստվում են ամիսներ շարունակ: Հայկական պատվիրակությունը Կանն էր մեկնել մասնակցելու փառատոնի շրջանակներում անցկացվող կինոշուկային, ընդ որում, առաջին անգամ՝ պաշտոնական-ներկայացուցչական տաղավարով:

 


Կաննի կինոփառատոնը միայն կարմիր գորգ չէ և ոչ էլ կինոաստղերի շռնդալից փայլ: Շատ-շատերի համար այն համաշխարհային կինոշուկայում սեփական տեղն ամրագրելու, համագործակցության նոր հարթակներ գտնելու հնարավորություն է: Այդ հնարավորությունն ընձեռում է փառատոնի շրջանակներում անցկացվող կինոշուկան, որն առաջնորդվում է դասական շուկայի տրամաբանությամբ. ֆիլմերն ու նախագծերն այստեղ հայտնվում են վաճառքի նպատակով: Կինոարտադրողները փորձում են գտնել միջազգային դիստրիբյուտորներ, վաճառքի գործակալներ ու դուրս գալ կինովարձույթ:

Միջազգային այս կինոհարթակում Հայաստանն առաջին անգամ ներկայացել էր պաշտոնական տաղավարով: Միջազգային կինոհարթակում հարաբերությունների կառուցման ու կարգավորման կարևորագույն գործոններից է օրենսդրական միջավայրը: Հայաստանում այդ ուղղությամբ  քայլեր արվել են: Սարը տեղից շարվել ու շրջանառության մեջ է մտել Կինոյի մասին օրենքի նոր նախագիծը: Օրենքի կենսունակությունն ապահովելու համար, ըստ հայկական պատվիրակության ղեկավար Արսեն Բաղդասարյանի, պետք է հաշվի առնել և ներքին, և արտաքին պահանջները:

Իր բոլոր հանդիպումներում, քննարկումներով հայկական պատվիրակության ղեկավարը փորձել է ներկայացնել Հայաստանի գրավչությունը՝ որպես կինոարտադրության համար խիստ նպաստավոր միջավայր: Կինոարտադրության ոլորտում միջազգային, մասնավորապես հոլիվուդյան պատկառելի փորձով զրուցակիցս վստահ է՝ այս ուղղությամբ Հայաստանը զարգանալու լուրջ հնարավորություններ ունի: Նրա համոզմամբ՝ Հայաստանը հնարավորություն ունի նաև պահպանելու հավասարակշությունը ամերիկյան կոմերցիոն ու  եվրոպական խորիմաստ կինոյի միջև:

Պաշտոնական տաղավարով ներկայանալու առաջին տարին նախ և առաջ սովորելու, փորձ ձեռք բերելու հնարավորություն էր:

«Առաջին անգամվա համար վատ չէր»,-Կաննի կինոշուկայում Հայաստանի այս տարվա մասնակցությունը հակիրճ ամփոփում է պատվիրակության ղեկավարը՝ ձեռքբերումներից առանձացնելով ընդամենը մի քանիսը. Կաննում  կինոարտադրողների ուշադրության կենտրոնում է հայտնվել «Արշալույսի լուսաբացը»  և «Բարս մեդիա» ընկերության ևս մեկ կինոնախագիծ:

Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ: Թերս ամենակարևորը՝ եվրոպացի կինոարտադրողների ուշադրության կենտրոնում է հայտնվել Արտավազդ Փելեշյանի «Տարերք» ֆիլմի նախագիծը:

Back to top button