ԿարևորՔաղաքական

Դադարեցվեցին Մանուկյանի, Ծառուկյանի ու Ղարագյոզյանի պատգամավորական լիազորությունները

լրացված 18.20-ին


«Ծառուկյան» դաշինք խմբակցության 3 պատգամավորների՝ Հարություն Ղարագյոզյանի, Խաչիկ Մանուկյանի ու Արտյոմ Ծառուկյանի լիազորություններն այսօր դադարեցվել են՝ նախապես նրանց կողմից հրաժարականի դիմումների համաձայն: Այսօր մեկնարկած ԱԺ արտահերթ նիստի սկզբում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հաստատել է նրանց հրաժարականների հարցը: Այդ պատգամավորների փոխարեն արդեն հայտնի են նորերի անունները: «Ծառուկյան» դաշինքով խորհրդարան կգան Գեւորգ Պետրոսյանը, Հակոբ Նազարյանը եւ Նորա Առուստամյանը:

Հին ավանդույթները նոր խորհրդարանում շարունակվում են: Կառավարությունը կրկին արտահերթ նիստերի նախաձեռնություններով է հանդես գալիս՝ խորհրդարանականներին առաջարկելով հարցերը երկար չքննարկել՝ սահմանելով 24-ժամյա հատուկ, արագացված ընթացակարգ: Այս ամենում ընդդիմադիր պատգամավորները կրկին տեսան անհարգալից վերաբերմունք կառավարության կողմից եւ լուրջ խութեր հենց ԱԺ կանոնակարգ-օրենքում: Հենց այս հարցն էր առաջին տարաձայնության պատճառը «Ելք» դաշինքի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Էդմոն Մարուքյանի եւ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի միջեւ:

Ինչեւէ, պատգամավորներն այսօր արագացված աշխատեցին եւ ժամը 16-ի դրությամբ ավարտեցին քննարկումները եւ քվեարկեցին կառավարության ներկայացրած բոլոր նախագծերը: Հանրապետականներն ու դաշնակցականները կողմ էին, «Ելքը»՝ դեմ, «Ծառուկյան» դաշինքը՝ ձեռնպահ կառավարության կառուցվածքում փոփոխություններ անելուն: Իսկ փոփոխությունները մեծ չեն, վերանում է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի հաստիքը, բայց ձեւակերպումից, ըստ էության, հանվում է միայն «նախարար» բառը: Նախարարական աշխատավարձը, նախարարական օգնականները, տեղակալներն ու նախարարական այլ գործառույթները մնում են նույնը: Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ բացահայտել է այս փոփոխությունների իրական քողարկված նպատակները:

Ժամանակից առաջ ընկնող արված ենթադրություններին հակազդեցին հանրապետական կուսակցության ներկայացուցիչները՝ ի դեմս ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի եւ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Հրայր Թովմասյանի:

Այսպիսով գործող կառավարությունը պնդում է, որ իր նորմալ աշխատանքի համար անհրաժեշտ է 18 նախարարություն՝ նախկին 19-ի փոխարեն: «Ելք» խմբակցության անդամներն ունեն իրենց պատկերացրած կառավարության կառուցվածքը՝ 15 նախարարություններով՝ առանց առընթեր կոմիտեների եւ մարմինների: Դրանով բոլոր գերատեսչությունների հեշվետվողականությունը խպորհրդարանի առջեւ երաշխավորված է, ասում է Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ առաջարկը գրավոր ուղարկվել է Կառավարություն եւ սպասում են վաղվան, որ պարզեն գործադիրի պատասխանը իրենց առաջարկին:

Այսպես կոչված «Պանդորայի արկղը», սակայն, բոլորովին այլ տեղում էր՝ աշխատավարձերի անհավասար գործակից, որոշ շրջանակների համար սահմանվող բարձր կենսաթոշակներ: Մի խոսքով, այսօր պատգամավորների մի մասն արդեն բարձրաձայնում էր, թե ձեւավորում է արտոնյալների մի խումբ: Մի դեպքում վիրավորվեցին, որ Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալը ստանալու է նույնքան աշխատավարձ, որքան պատգամավորը: Պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի համար դա պարզելը հավասարազոր էր վիրավորանքի:

«Արտոնյալների խումբ» ձեւավորելու կասկածանքը, սակայն, հնչեց Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների եւ քննչական կոմիտեի մասին օրենքներում կառավարության առաջարկած փոփոխությունների քննարկման ժամանակ: Կառավարության առաջարկած փոփոխությունը, որը խորհրդարանում ներկայացնում էր արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը, վերաբերում են դատախազների եւ քննիչների թոշակին: Խնդիրն այն է, որ նոր կարգավորումներով այս մասնագետների երկարամյա կենսաթոշակը պակասում է, հետեւաբար՝ այն մասնագետները, ովքեր ունեն 20 տարվա աշխատանքային ստաժ, բայց դեռ չեն հասել կենսաթոշակային տարիքի, շտապում են արդեն այսօր գնալ թոշակի՝ նախկին բարձր թոշակից չզրկվելու համար: Փոփոխություներով ինչ է հետապնդում կառավարությունը՝ բացատրեց արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը:

Այս նախագծին ընդդիմախոսները շատ էին: Նիկոլ Փաշինյանը վկայակոչեց կառավարման համակարգի «անլրջությունը», ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն ու Վարդան Բոստանջյանն էլ խնդիրը դիտարկեցին ավելի գլոբալ տեսանկյունից:

Նակխին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն իր հերթին անհրաժեշտ համարեց այսօր այդ փոփոխությունների իրականացումը, քանի որ դա կանխելու է կադրային արտահոսքը: Ըստ բացատրությունների՝ համակարգում մնացել է 40-ից 45 միջին սերնդի մասնագետ, որոնք շտապում են գնալ թոշակի՝ համակարգը թողնելով առանց սահուն սերնդափոխության: «Ստացվում էր մի իրավիճակ, որ թոշակի գնացած դատախազն ավելի շատ փող է ստանում, քան  էդ պահին որպես դատախազ պաշտոնավարող սուբյեկտը»,- նշեց նախկին գլխավոր դատախազ պատգամավորը՝ իրավիճակը հակիրճ բնութագրելով «աբսուրդ» բառով: Չնայած բազմաթիվ քննադատություններին՝ այս նախագծին դեմ քվեարկեց ընդամենը 25 պատգամավոր եւ այն ընդունվեց առաջին ընթերցմամբ:

Back to top button