Միջազգային
Մոսկվայում փոթորկի զոհերի թիվը հասել է 11-ի. տուժել է մոտ 170 մարդ


Մոսկվային ու Մոսկովյան շրջանին երկուշաբթի պատուհասած փոթորիկը, վերջին տվյալներով, 11 մարդու կյանք է խլել։ Տուժել է մոտ 170 մարդ։ Նրանցից 108 դեռ հիվանդանոցներում են, 8-ի վիճակը գնահատվում է ծանր։
ՌԴ մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը TASS գործակալության հետ զրույցում հայտարարել է, որ վնասի ծավալով տարերքի հարվածն աննախադեպ է դարձել քաղաքի նորագույն պատմության մեջ։ Երկուշաբթի երեկոյան օդերևութաբանները բարձրացրել են մայրաքաղաքում եղանակային վտանգավորության մակարդակը «նարնջագույնի», ինչը նշանակում է տարերային աղետի կրկնման հնարավորություն։
Փոթորիկը մայրաքաղաքում շրջել է 3500 ծառ։ Փոթորկի հետևանքները վերացնում են քաղաքային ծառայությունների ավելի քան 35 հազար աշխատակիցներ, գործի է դրված ավելի քան 4500 միավոր տեխնիկա։
Նկարները՝ ՏԱՍՍ-ի