Հասարակություն

Սիրիահայ ոսկերիչներին աշխատանքի առաջարկ արվեց

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Հայաստանում գտնվող սիրիահայ ոսկերիչների հետ հանդիպեց Երևանի ոսկերչական գործարանում։
Հ. Հակոբյանը հորդորեց նրանց, որ նրանք օր առաջ հիմնեն իրենց գործն ու կոչ արեց առանց մտավախությունների ձեռնարկել առաջին գործնական քայլերը։
«Պետությունը կանգնած է յուրաքանչյուրիդ կողքին՝ բիզնես հիմնելու առաջին քայլից: Մենք պատրաստակամ ենք անհրաժեշտ խորհրդատվությամբ ապահովել, աջակցել կազմակերպությանը՝ գրանցումից՝ մինչև կայանալն ու շահույթ ստանալը»,- ասաց նա։

Նախարար Հ. Հակոբյանը հաջողակ բիզնես ունենալու հարցում կարևորեց վստահելի գործընկերոջ ընտրության, պետության կողմից հստակ ու հավաստի խորհրդատվություն ստանալու գործոնը:

Երևանի ոսկերչական գործարանի գլխավոր տնօրեն Էմիլ Գրիգորյանը տեղեկացրեց, որ գործարանում ներկայումս աշխատում է հինգ սիրիահայ: Է. Գրիգորյանը սիրիահայ գործարարներին երկու առաջարկ արեց. ընդունվել աշխատանքի՝ որպես ոսկերիչ, կամ էլ առաջիկա 6 ամիսների ընթացքում  անվճար աշխատանքային տարածք վերցնել:  Այս պարագայում նրանք հնարավորություն կունենան օգտվել նաև գործարանի աշխատանքային գործիքներից, տարատեսակ արտադրամասերից:
Գործարանի ղեկավարությունը պատրաստակամություն հայտնեց նաև աջակցել օրենսդրական և շուկայագիտական ոլորտների խորհրդատվությամբ: Համագործակցության պարագայում՝ գործարանի կողմից կտրամադրվեն նաև արտաքին շուկաների հնարավորություններն ու կապերը:

Հանդիպման մասնակիցները հետաքրքրվեցին արտահանման հնարավորություններով, հարցեր բարձրացվեցին մաքսային ու հարկային օրենսդրության որոշ դրույթների վերաբերյալ: Նշվեց, որ Հայաստանի՝ տվյալ ոլորտը կարգավորվող օրենսդրությունը լավագույններից է աշխարհում, ինչը հնարավորություն է տալիս ոսկերչության բնագավառում շահավետ գործունեություն ծավալել:

 

Back to top button