Մշակույթ

Կաննի կինոշուկայում հայ կինոգործիչները գործընկերներ են փնտրում

Կաննի 70-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում կայացած  կինոշուկայում Հայաստանն այս տարի առաջին անգամ ներկայացավ պաշտոնական-ներկայացուցչական տաղավարով: Կաննի կինոշուկան առաջնորդվում է դասական շուկայի տրամաբանությամբ. ֆիլմերն ու նախագծերն այստեղ հայտնվում են  վաճառքի նպատակով: Ֆիլմերը փորձում են գտնել միջազգային դիստրիբյուտորներ, վաճառքի գործակալներ և դուրս գալ կինովարձույթ։ 226 համարի տակ գործող Հայաստանի Հանրապետության տաղավարով այս օրերին հաջողելու իրենց հնարավորություններն էին փորձում «Բարս մեդիան» ներկայացնող «Արշալույսի լուսաբացը», Սերգո Ուստյանի «Փոխանակում» և Արթուր Սուքիասյանի «Վիրավոր քաղաքը» կինոնախագծերը: Հայկական տաղավարում էին  հայտնվել նաև մրցույթից դուրս մի շարք կինոնախագծեր: Կաննի կինոշուկայի  արդյունքը հնարավոր կլինի ամփոփել միայն հայկական պատվիրակության վերադարձից հետո:

 

«Բարս մեդիա» ընկերությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով ներկայացրել էր «Բանտարկված հոգիներ» կինոնախագիծը՝ ֆիլմաշար ՝ կազմված 10 կարճամետրաժ  ֆիլմերից։ «Ցեղասպանության թեմային նվիրված ֆիլմ նկարելու ցանկություն չկար: Այդ առումով որոշակի բարդույթներ կային, բայց 1989 թվականին հետաքրքիր բան տեղի ունեցավ, երբ առաջին անգամ գնացի ԱՄՆ ու  այցելեցի Զորյան ինստիտուտ»,- պատմում է «Բանտարկված հոգիներ» ֆիլմաշարի հեղինակ Վարդան Հովհաննիսյանը։

«Տեսա, որ այնտեղ տեսագրադարան ունեն, որտեղ պահպանվում էին հարյուրավոր ձայնագրություններ VHS ժապավենների վրա: Ես մտա այդ սենյակն ու բացեցի պահարանը: Դիտեցի ժապավենը, որտեղ մի քանի  մեծահասակ մարդիկ պատմություններ էին պատմում:  Ժապավենը չափազանց անորակ էր, որովհետև սիրողական մակարդակով էր արված, լույսը վատ, ձայնը  վատ, բայց պատմությունները ֆանտաստիկ էին: Նկարել էին  կամավորները:  Ձայնագրություններն արվել էին այդ մարդկանց պատմությունները վավերացնելու և պահպանելու համար, որպես իրեղեն ապացույցներ: Դա ոչ թե կինոյի, այլ պատմության համար էր: Մարդկանց ուղղված հարցերն ունեին որոշակի ձևաչափ՝ որտեղի՞ց եք, քանի՞ մարդ կար ձեր գյուղում, ինչպիսի՞ հագուստ էին կրում կանայք և այլն: Տպավորությունն այնպիսին էր, որ այդ տարեց  մարդիկ իրենց պատմությունների նույն փոքրիկ հերոսներն են: Այդ ժապավենները շատ հետաքրքիր էին, բայց դրանք օգտագործելն այդ ժամանակ անհնար էր: Բացի այդ՝ արցախյան պատերազմն էր սկսվել ու  ես մտածում էի, որ ավելի լուրջ խնդիր ունենք լուծելու»,- պատմում է Վարդան Հովհաննիսյանը:

1991 թվականին նա  կրկին այցելեց «Զորյան» ինստիտուտ: Կրկին՝ նոր ու հետաքրքիր տպավորություններ: Նույնը տեղի ունեցավ 1993 թվականին ԱՄՆ այցի ընթացքում: Մի քանի տարի առաջ «Զորյան» ինստիտուտ հերթական այցի ժամանակ Վարդան Հովհաննիսյանը տնօրեն Գուրգեն Սարգսյանին հարցնում է  ժապավենների մասին ու պարզում, որ  դրանք ձայնագրվել ու պահպանվում են առանձին պահարանում:

«Երբ բացեցի այդ պահարանը, տարօրինակ զգացողություն ունեցա. հազարավոր մարդկանց պատմություններ տարիներ շարունակ փակված են այդ պահարանում, ինչպես բանտարկված հոգիներ: Մարդիկ իրենց ցավն են պատմել, բայց ցավը փակված է մնացել այդ պահարանում: Վերապրողների պատմություններն ինստիտուտում օգտագործվել են գիտական, փաստաբանական նպատակներով, բայց աշխարհն այդ պատմություններին անհաղորդ է»:

Ըստ ռեժիսորի՝ հենց այսպես է ծնվել «Բանտարկված հոգիներ» ֆիլմաշարի գաղափարը:

Առաջին ֆիլմը՝ «Արշալույսի լուսաբացը» նվիրված է Ավրորա Մարդիգանյանին, ում վերաբերյալ նյութեր կան և՛ «Զորյան» ինստիտուտում, և՛ Հայոց ցեղասպանության  ինստիտուտ-թանգարանում: Ֆիլմի հիմքում 84- ամյա Ավրորայի 4 ժամանոց հարցազրույցն է: Բոլոր նյութերը խորապես ուսումնասիրել ենք՝ ասում է ֆիլմի համահեղինակ Իննա Սահակյանը։

«Վերապրածների պատմությունները բազմաթիվ են՝  ինքնազոհության, պայքարի, մաքառման պատմություններ: Մենք փորձել ենք վերցնել ամենահետաքրքիրը: Ինչպես են մարդիկ ամենաանմարդկային պայմաններում գերմարդկային որակներ դրսևորել: Առանձնացրել ենք դեպի բարին,  լույսը տանող պատմությունները»։

«Արշալույսի լուսաբացը» ֆիլմն արտադրական փուլում է.  միայն 30 տոկոսն է պատրաստ, աշխատանքները շարունակելու համար համարտադրողներ ու ներդրումներ են  հարկավոր։ Հեղինակները հույս ունեն, որ Կաննի կինոշուկայում կգտնեն գործընկերներ ու դիստրիբյուտորներ: Որքանով  է դա նրանց հաջողվել , կպարզեբնք հայկական պատվիրակության վերադարձից հետո միայն։

Կարդացեք նաև

Back to top button