Շուրջ 20.000 շրջանավարտ՝ նոր կյանքի ճանապարհին


Հանրապետությունում այսօր հնչել է վերջին զանգը, որը շուրջ 20.000 շրջանավարտների կճանապարհի դեպի նոր կյանք: Յուրաքանչյուր դպրոցում վերջին դասն անցկացվել է յուրովի: ԿԳ նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ այս տարվա շրջանավարտներին ևս սպասվում են տոնական միջոցառումներ և ինչպես ամեն տարի, այս տարի ևս նախարարությունն ու ոստիկանությունը հորդորել են լինել հնարավորինս զգույշ` դժբախտ պատահարներից խուսափելու համար: «Ռադիոլուրը» շրջել մի շարք դպրոցներում, ծանոթացել շրջանավարտների տրամադրություններին և հետևել վերջին զանգի տոնական հանդիսություններին:
Հանրապետության բոլոր դպրոցներում այսօր հնչեց վերջին զանգը: Շրջանավարտները շտապում են ավարտական հանդիսությանը, սակայն անհնար է թաքցնել նաև թախիծը: Ի վերջո՝ հրաժեշտ են տալիս ոչ միայն իրենց հարազատ դպրոցին, այլև ոտք են դնում մի նոր և ավելի պատասխանատու կյանք: Յուրաքանչյուր դպրոցում վերջին դասն անցկացվում է յուրովի: Հիմնականում այն ուղեկցվում է ավարտական շոու ծրագրով՝ շրջանավարտների մասնակցությամբ:
Շրջանավարտների հուշերում դեռ թարմ են անցած տարիներն ու դպրոցական անմոռաց օրերը: Չեն թաքցնում` շատ են սպասել այսօրվան, բայց և գիտակցում են` անցյալում են թողնում շատ թանկ և կարևոր մի բան:
Հուզմունքը չէին թաքցնում նաև ուսուցիչները: Շատ պատասխանատու օր է նաև նրանց համար:
Գալուստ Գյուլբենկյանի անվան 190 ավագ դպրոցի տնօրեն Կարինե Զատիկյանն արդեն 25 տարի է շրջանավարտների է ճանապարհում դեպի նոր, ավելի հասուն կյանք:
Շրջանավարտներից և տնօրենից ոչ պակաս հպարտ և հուզված են նաև ծնողները: Եվ կարևոր չէ, թե հանրապետության որ դպրոցը ապագա ինչ մասնագետներ են ավարտում: Վերջին զանգի օրը աշակերտներից շատերի ցանկությունը մեկն է` վերադարձնել մանկության անմոռաց օրերն ու դպրոցական տարիները: Բայց առջևում նրանց սպասվում է մեծ քննություն. ոչ դպրոցական, այլ ինքնահաստատման ու ինքնակայացման: Բոլոր շրջանավարտներին շնորհավորում ու հաջողություն է մաղթում նաև «Ռադիոլուրը»: