Բանկերը կայուն են, դիրքերը՝ ամրապնդված. վստահեցնում է գլխավոր դրամատունը


ՀՀ կենտրոնական բանկն այսօր հրապարակեց 2016թ ֆինանսական կայունության հաշվետվությունը: Այն ներառում է նախորդ տարվա ընթացքում ֆինանսական հատվածում տեղի ունեցած փոփոխություններն ու գրանցած արդյունքները: Գլխավոր դրամատանն այսօր պարզաբանել են ու վստահեցրել՝ ֆինանսական հատվածում խնդիրներ չունենք, բանկերը կայուն են, ամրապնդված դիրքերով: Ավելին, անիրատեսական են ակտիվացած խոսակցությունները, թե ԵԱՏՄ անդամ երկրները պետք է անցում կատարեն միասնական ռուբլու ինստիտուտի ներդրմանը: Համենայն դեպս՝ ԿԲ- ում հայտնել են, որ շուտով նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ հայկական թղթադրամներ կունենանք։
2016թ այն վերջնաժամկետն էր, երբ հայկական բանկերը պետք է իրենց կապիտալը մեծացնեին միանգամից 6 անգամ: Այս տարվանից արդեն մեր երկրի առևտրային բանկերը միավորվել են ու նախկին 21-ի փոխարեն այժմ 17 բանկ է գործում: Հայաստանի ֆինանսական շուկան տարածաշրջանում կայուններից մեկն է՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է տնտեսագետ, Երևանի տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը:
Տնտեսագետը նկատում է՝ այլ խնդիր է, որ բանկը ցածր տոկոսադրույքներով վարկեր չի տրամադրվում, բացատրում է՝ բանկը չի կարող միայն առանց «երկար փողերի» ապահովել ցածր տոկոսներով վարկեր:
«Խնդիրը այստեղ է՝ երկար փողեր ունենալու համար պետք է ֆինանսական հատվածի մյուս ինստիտուտները նույնպես աշխատեն: Մասնավորապես՝ կուտակային կենսաթոշակային հիմնադրամը: Կուտակումների արդյունքում առաջանում են գումարներ, որոնցով կարելի է ներդրումներ կատարել տարբեր հատվածներում՝ ունենալ ցածր տոկոսադրույքներով գումարը»:
ՀՀ ԿԲ-ում, սակայն, վստահեցնում են՝ բոլոր տեսակի վարկերի՝ դրամային ու արտարժութային, տոկոսադրույքները կայուն շարունակում են նվազել: Տնտեսագետ Արտակ Մանուկյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է՝ ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությունը վարկավորման վրա ամբողջովին չի ազդել:
Ի դեպ, այսօր հրապարակված ԿԲ տարեկան հաշվետվության համաձայն՝ տնային տնտեսությունների վարկավորման առավել ակտիվ ուղղությունը շարունակում է մնալ սպառողական վարկավորումը: 2016թ գրանցվել է սպառողական վարկերի 4,3 տոկոս աճ: Ավելի շատ քաղաքացիները կենցաղային և համակարգչային տեխնիկա են գնում, վարկեր վերցնում ոսկու գրավի դիմաց։ Իսկ ահա ավտո ու քարտային վարկերից գերադասում են քիչ օգտվել։