Բոբիկյանը Մանչեսթերից` գիշերը քաղաքում քաոս էր. զոհերի թիվը հասել է 22- ի


Մանչեսթերում հարձակումը, որի հետեւանքով 22 մարդ է զոհվել, իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, որն իր հետ պայթուցիկ սարք էր բերել մարզադաշտ՝ հայտնել է Reuters -ը՝ հղում անելով ոստիկանությանը: Մեծ Մանչեսթերի գլխավոր կոնսթեբլի՝ Իեն Հոփկինսի խոսքով, ահաբեկիչը տեղում զոհվել է: Ոստիկանության կարծիքով, թեեւ հարձակվողը գործել է միայնակ, հետաքննիչները փորձում են պարզել՝ ունեցե՞լ է նա արդյոք հանցակիցներ: Ոստիկանությունը վստահ է, որ «տղամարդն իր հետ բերել էպայթուցիկ սարք, որը նա գործի է դրել»: Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Ինչպես հաղորդում է TASS-ը՝ վկայակոչելով «Ախբար Իրաք» պորտալին, ահաբեկիչների համապատասխան հոլովակը հրապարակվել է սոցցանցերում:
Մանչեսթերում բնակվող կոմպոզիտոր, երգեհոնահար Արթուր Բոբիկյանը «Ռադիոլուրին» հայտնել է, որ ողջ գիշեր քաղաքում աննկարագրելի քաոս էր, Մանչեսթերի գրեթե կեսը կաթվածահար է, տուժածների մեջ կան մեծ թվով երեխաներ։