Ադրբեջանը էսկալացիայի չի գնա. փորձագետ
2014 թ-ից սկսված նավթի գների անկման հետեւանքով Ադրբեջանը լուրջ տնտեսական խնդիրների առջեւ է կանգնած: Հայաստանցի վերլուծաբանների կարծիքով՝ այդ երկրի սոցիալ-տնտեսական վիճակի բարդացումը նոր է սկսվել, որի արդյունքներից մեկն էլ Ադրբեջանի ամենախոշոր բանկի սնանկացումն էր, ինչը նույնպես կունենա իր հետեւանքները: Տեսանելի ապագայում էլ չի երեւում, որ նավթի գինը կարող է բարձրանալ: Լրագրողների հետ այսօրվա հանդիպումներում փորձագետները նաեւ անդրադարձել են հարցին, թե ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այդ ամենը Ղարաբաղյան խնդրի վրա:
Ադրբեջանական հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովայի գնահատմամբ՝ այդ երկրում սոցիալական դժգոհություններն էլ ավելի կավելանան, սակայն, դրանք չեն կարող մեծ մասշտաբների հասնել, քանի որ գործի կդրվեն ճնշումների խիստ մեխանիզմներ: Սոցիալական դժգոհությունների ալիքը ճնշելուն կնպաստեն նաեւ բանակային թեմաներով հանրության ուշադրության շեղումը: Կշարունակեն սրել նաեւ «հայկական թեման»:
«Դա միշտ աշխատող թեմա է՝ հայկական թեման. ե՛ւ սահմանում լարվածության պահպանումն ու բարձրացումը նման իրավիճակներում կարող եք շատ հեշտ նկատել: Երբ որ Ադրբեջանի ներսում տնտեսական խիստ ինչ-որ իրավիճակ է ստեղծվում, միշտ դա անդրադառնում է առաջնագծում»:
Առաջնագծում լարվածություն ստեղծելու Ադրբեջանի սցենարը կաշխատի այնքան, քանի դեռ Ադրբեջանի հասարակությունը գտնվում է տեղեկատվական վակուումի մեջ՝ իրականությունից կտրված է եւ գնալով ավելի է կտրվում: Ըստ ադրբեջանական հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովայի, սակայն, Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմի չի գնա, քանի որ այլեւս չունի այդ ռեսուրսներն ու վստահությունը, որը կարող է սկսել:
«Այնուամենայնիվ, տնտեսության վիճակն այնպիսին է, որ լայնամասշտաբ պատերազմի ուղղակի «չեն ձգի», բայց պրովոկացիաներ առաջնագծում վստահաբար պարբերաբար լինելու են»:
Էներգետիկ աշխարհաքաղաքականության եւ միջազգային անվտանգության մասնագետ Արմեն Մանվելյանը, մինչդեռ, նկատեց, որ համաշխարհային պատմության մեջ որոշակի կապ կա նավթի գների անկման եւ ռազմական գործողությունների միջեւ:
«Ամեն անգամ, երբ նավթի գինը ընկնում է, ապա Մերձավոր Արեւելքում տեսնում ենք՝ «պատերազմները եւ նավթի գները իրար հետ զուգահեռ են գնում»: Նույն երեւույթը, իհարկե, բացառված չէ, որ կրկնվի նաեւ տարածաշրջանում, հատկապես՝ ԼՂ-ում: Դա բացառել հնարավոր չէ»:
Այլ բան է, որ լայնամասշտաբ պատերազմի գնալու դեպքում Ադրբեջանը բավականին լուրջ ռիսկերի տակ է հայտնվում, քանի որ իր ամբողջ նավթագազային համակարգը հայտնվելու է թիրախավորման տակ հայկական ուժերի կողմից, ինչը բնական է եւ նույնիսկ միջազգային օրենքներով լեգալ՝ հավելեց փորձագետը:
Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը նույնպես նկատեց, որ Ադրբեջանի ռազմական խնդիրները բխում են ներքին իրավիճակից: Նա եւս այն կարծիքին է, որ Ադրբեջանը լարվածություն շփման գծում կփորձի պահել, բայց լայնամասշտաբ պատերազմական գործողությունների չի գնա՝ թեպետ այդ երկրի ներքին իրավիճակը բավական լարված է ե՛ւ տնտեսական, ե՛ւ հոգեբանական առումներով:
Արման Նավասարդյանը համամիտ է այն տեսակետների հետ, որ պետք է նախահարձակ լինել՝ համարձակ եւ ավելի ակտիվ գործելու իմաստով, ոչ թե՝ ոչնչացնելու, քանի որ, նրա ձեւակերպմամբ, հասել է մի աստիճանի, երբ դժվար է գտնել տրամաբանական լուծում Ադրբեջանի կողմից: Բացի այդ, այստեղ շատ խորը խնդիրներ կան թաքնված, կոպիտ ասած, լինել-չլինելու հարց է՝ եզրափակեց վերլուծաբանը: