Շառլ Ազնավուրը ներկա կգտնվի իր ծննդյան առիթով կազմակերպված համերգին


Հունիսի մեկին Շառլ Ազնավուրը Երևանում ներկա կլինի իր ծննդյան առիթով կազմակերպված համերգին: 93-ամյա շանսոնիեին՝ նրա իսկ ստեղծագործություններով, կողջունեն հայ օպերային ու էստրադային արվեստի ներկայացուցիչները: Նախաձեռնությունը՝ մշակույթի նախարարությանն է: «Ռադիոլուրը» զրուցել է համերգի հիմնական «մեղավորներից» մեկի՝ շանսոնիեի արվեստի մեծ երկրպագու, երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանի հետ:
Հայկ Պետրոսյանը, որն իրեն հումորով անվանում է Շառլ Ազնավուրի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, ոչ միայն կկատարի Ազնավուրի երգերից մի քանիսը, այլև կվարի միջոցառումը՝ ներկայացնելով Ազվանուր արվեստագետին և Ազնավուր մարդուն:
«60 տարիների ընթացքում Ֆրանսիայում ծնվեցին ու մարեցին հարյուրավոր աստղեր, իսկ 93-ամյա շանսոնիեն՝ իր փայլուն աչքերով դեռ սարի գագաթին է: Չհանձնվելու, պայքարելու, համառության հրաշալի օրինակ կարող է դառնալ Ազնավուրը ոչ միայն անհատի, այլև ազգի համար»,-համոզված է նրա արվեստի ու տեսակի մեծ երկրպագուն:
Հայկ Պետրոսյանի ամենամեծ սերերի ցանկում Ազնավուրից զատ նաև Արցախն է: Արցախյան թեմային նվիրված նրա մոնոներկայացումն ընթացքի մեջ է:
«Սա նման չէ իմ նախորդ ներկայացումներին, ասենք՝ Հայկը կատակներ է գրում: Սա համահայկական թեմա է, որին դիպչելիս դու պետք է չափազանց ազնիվ ու օբյեկտիվ լինես, ավելին՝ չպարտադրես քո կարծիքը: Պետք է ցույց տաս խնդիրը, իսկ որոշումը հանդիսատեսին ինքը՛ պետք է կայացնի»,-ասում է զրուցակիցս:
Վստահեցնում է, որ ներկայացմանը նախապատրաստվում է շատ լուրջ, հանդիպումներ է ունենում զինվորականների, պատմաբանների, Մատենադարանի աշխատողների, ամենատարբեր մասնագետների, սովորական մարդկանց հետ: Ուզում է, որ ամեն ինչ ճիշտ ու ազնիվ լինի: