

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Ասում են, որ բանաստեղծները գիտեն ավելի, քան սովորական մահկանացուները: Հովհաննես Գրիգորյանն իր բանաստեղծություններից մեկում կարծես կանխատեսել էր, որ մահանալու է ձմռանը: Երևանն այսօր վերջին հրաշեժտը տվեց նրան` բանաստեղծին, ով իր գրականությամբ փոխեց իր ժամանակի պոետական նկարագիրը:
Ես գիտեմ`
Կմեռնեմ ձմռան առաջին օրը:
Մարդիկ կթփթփացնեն ձյունոտված ոտները
Դռան շեմի փալասին և զարմանքով կնայեն,
Թե ինչպես է ձյունը հալվում սառած այտերիս վրա։
Հովհ. Գրիգորյան
«Մարդկային էր նրա պոեզիան, Հովհաննեսը պատվանդաններից չէր հարաբերվում մարդկանց հետ, նա միշտ մեզ հետ էր, մեր կողքին»,-«Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է կինոգետ Դավիթ Մուրադյանը:
Հովհաննես Գրիգորյանը ծնվել էր Գյուրիում, 1945 թվականին: «Դեռ մանկուց տարբերվում էր բոլորից: Դպրոց չէր գնում, բայց արդեն կարդում էր: Իսկ դպրոցական տարիներին ոչ միայն վարժ կարդում էր, այլ քաջածանոթ էր համաշխարհային գրականությանը»,- պատմում է Էդիկ Սաֆարյանը` Հովհաննես Գրիգորյանի մանկության ընկերը։
Ծնվել եմ առավոտյան շուտ,
Գյումրվա մի աղքատիկ առավոտ:
Ինձ հետ ծնված քույրս մահացել է մի քանի ժամ հետո,
Երբ օգոստոսի արևը վաղուց արդեն դուրս էր եկել
և անտարբեր նայում է մեր մոլորված ընտանիքին,
որը մեկ խնդում և մեկ լալիս էր սրտակեղեք:
Հովհ. Գրիգորյան
Հովհաննես Գրիգորյանի բանաստեղծությունները թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով: Առանձին գրքերով լույս են տեսել Ռուսաստանում, Ֆրանսիայում, Իրանում: Նա մի շարք գրական մրցանակների դափնեկիր է: 1998թ. պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով, 2011-ին՝ արժանացել ՀՀ պետական մրցանակի «Երբեք չմեռնես, ահա թե ինչ կասեմ քեզ» գրքի համար:
Փողոցներում
ծառերից կախված
օրորվում են բանաստեղծները:
Դեղին ժպիտ կա դեմքերին նրանց,
Ձեռքերին` հանգած ծխախոտ
Այս տողերով էր սկսվում նրա «Աշուն» բանաստեղծությունը, որը 60-ականներին մեծ փոթորիկ առաջացրեց հայ գրական միջավայրում: Այս բանաստեղծությունից հետո երկար ժամանակ չտպագրվելու պատճառով է, որ Հովհաննես Գրիգորյանն արել է իր նշանավոր հումորը, փոխել է Չարենցի հայտնի տողերն ու գրել.
Թե ուզում ես գիրքդ տպեն`
Ժամանկին շունչդ փչիր…