

Արցախի հնագույն մայրաքաղաք Շուշիի ազատագրումը նախանշեց հետագա հաղթանակների ուղին. սա արդեն ընդունված պատմական իրողություն է, իսկ անցյալ տարվա քառօրյա պատերազմն հաստատեց մեկ այլ ճշմարտություն՝ հայի ոգին անպարտելի է: Արցախյան պատերազմի ազատամարտիկներն ունեն անպարտելիության մեկ այլ բանաձեւ եւս՝ դա ազգի միասնությունն է: Դա տեսել են հեռավոր 90-ականներին, երբ ամեն ինչից զրկված քաղաքացիները ամեն ինչով փորձում էին օգտակար լինել ազատամարտիկներին: Այդպես եղավ նաեւ ապրիլյան պատերազմի օրերին, երբ հասարակությունը կրկին մի բռունցք դարձավ: Այսօր այն օրերից է, երբ հիշողություններն ու ապագային հետ կապված հույսերն անընդհատ միաձուլվում են՝ փորձելով ստանալ ընդհանուր պատկեր:
Փոխանակումը հաջողությամբ կատարվել է. այսօր արդեն ազատամարտիկներն այս դեպքը ժպիտով են հիշում, բայց այն ժամանակ, ասում են՝ վախից կապտել էին: Սամվել Փափազյանին սակայն նույնիսկ վախը չկանգնեցրեց Շուշիի ազատագրման ժամանակ:
Սամվել Փափազյանի ջոկատը մասնակցեց այսպես կոչված «հետախուզական խաղերին»՝ ադրբեջանցիների ուշադրությունը հիմնական ծրագրից շեղելու համար: Պատմում է, որ իրենց ջոկատին շատերը ճանապարհում էին արցունքոտ աչքերով՝ գիտակցելով, որ հնարավոր է նրանցից ոչ մեկը այլեւս չվերադառնա: Շուշիի բարձունքից բացի այդ տարածքում կար եւս մեկ վտանգավոր կետ, որն անհրաժեշտ էր վնասազերծել: Դա «Ջան Հասանի կետն էր»: «Չեչի» ջոկատը փայլուն կատարեց ստացված հրամանը: Շուշիում զոհված 56 մարտիկներից 27-ը հենց «Չեչի» ջոկատից էր, ունեցել են նաեւ 2 անհետ կորած:
Սամվել Փափազյանը կատակում է, որ Աստծուց մահանալու հրաման դեռ չի ստացել: Դա է, հավանաբար, պատճառը, որ գլխի շրջանում ծայրահեղ ծանր վիրավորումից հետո նա ոտքի կանգնեց, բայց ազատագրված Շուշին կարողացավ տեսնել ընդամենը մեկ տարի հետո:
Արցախյան պատերազմի սկզբում Սամվել Փափազյանը չէր էլ պատկերացնում, որ իր կյանքի երկրորդ կեսին կհանդիպի նույն տեղում: Ամուսնու վիրավորման մասին այսօր Գայանե Բաղդասարյանը կատակում է, սակայն աչքերն արցունքոտվում են: Նա երբեք չի մոռանա, թե ինչպես այն դժվար տարիներին հասարակ քաղաքացիները հերթ էին կանգնել արյունաբանական հիվանդանոցի մոտ՝ իր ամուսնու համար անհրաժեշտ, բայց հիվանդանոցում պակասող արյունը հանձնելու համար: Չի կարողանում մոռանալ նաեւ մի տարեց կնոջ: Սոցիալական ծանր պայմաններում գտնվող տատիկն անպայման ցանկանում էր ինչ- որ բանով օգտակար լինել եւ բերել էր 6 հատ տղամարդու թաշկինակ:
25 տարի զինվորի կողքին՝ որդու կորստից հետո իր կյանքն այս գործունեությանը նվիրեց «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը: Շատ հաճախ գնում է դիրքեր, մտնում խրամատներ, ծանոթանում խնդիրներին ու փորձում լուծում տալ դրանց: Ամեն անգամ ապշած է մնում 18-20 ամյա երիտասարդների ոգուց:
Հիշողությունները, հույզերն ու նաեւ հույսերն այսօր շատ են: Շուշիի ազատագրումը առանձնակի նշանակություն ունի Արցախյան պատերազմի պատմության մեջ, բայց ազատամարտիկները մեծ դժվարությամբ են սկսում խոսել, որ իրենք առանձնակի նշանակություն դեռ չունեն խաղաղ պետության մեջ: Ասում են՝ տարվա ընթացքում իրենց հիշում են 3 անգամ տոն օրերին եւ այն ժամանակ, երբ իրավիճակը սրվում է սահմանում: Մնացած օրերին նրանք մնում են միայնակ՝ դեմ առ դեմ սոցիալական խնդիրներին՝ հաշմանդամության թոշակի մեծ մասը հատկացնելով դեղերին:




