Մշակույթ

Սեբաստացի Բախի, ջութի, մանջութի ու մի թաքուն երազանքի մասին


Մասնագիտությամբ թավջութակահար, երաժշտական գործիքների մասնագետ. մայրաքաղաքի իր գողտրիկ «թաքստոցում»  Մանուկ Հարությունյանը ոչ  միայն նոր կյանք է տալիս հին ու մաշված գործիքներին, այլև ստեղծում նորերը: Նա նաև ազգային նվագարանների հավաքածու է ստեղծում, ունի բացառիկ նմուշներ: Իր ստեղծած գործիքի անունով Մանուկին հաճախ Մանջութ են անվանում, բառի ստուգաբանությունն է ՝ Մանուկի ջութակը: Մանուկի ստեղծած ջութակն  իր ստեղծման հետաքրքիր պատմությունն ունի: Մանուկ Հարությունյանի հետաքրքիր պատմությունների շարքը՝ «Ռադիոլուրի» ռեպորտաժում:

Երաժշտական գործիքներից նա ընտրեց թավջութակը՝ այն տարիներին, երբ նորաձև էին դհոլը, կլարնետն ու ակորդեոնը, իսկ թավջութակով երաժշտական դպրոց հաճախելը՝ իսկական տառապանք, հատկապես տղաների համար:  Յոթ տարեկան տղան թավջութակին սիրահարվել էր առաջին հայացքից:

Ծով համբերությամբ Մանուկ Հարությունյանը հաղթահարեց բոլոր դժվարությունները՝ հաջողությամբ ավարտելով Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցը, Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանի թավջութակի բաժինն ու Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան:

Միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր է, հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում, ղեկավարել է «Կռունկ» համույթը: Տիրապետում է գրեթե բոլոր գործիքներին ՝ մշտապես պահպանելով առանձնահատուկ սերը թավջութակի հանդեպ: Թավջութակահար Մանուկ Հարությունյանի մեջ  տարիներ առաջ բացահայտվեց մեկ այլ տաղանդ ևս։ Նա սկսեց ոչ միայն վերանորոգել հին ու մաշված երաժշտական գործիքները, այլև ստեղծել նորերը: Տեսքով գեղանի, ձայնով՝ խիստ յուրահատուկ Մանջութը վարպետ Մանուկի ձեռքի աշախատանքն է:

Տանձենու, եղևնու և ընկուզենու փայտից ստեղծված մանջութը, այսինքն Մանուկի ջութակը, հայկական հնագույն նվագարանի՝ ջութի վերստեղծված տարբերակն էր, որը հանդիսատեսի դատին երաժիշտն առաջին անգամ հանձնեց 1989  թվականին Կանադայում տեղի ունեցած համերգի ժամանակ: Մարդկային ձայն հիշեցնող գործիքը, հեղինակի պնդմամբ, օծված է նաև բուժիչ հատկությամբ: Վարպետ Մանուկի մանջութը նաև Հնդկաստան է հասել՝ արժանանալով  «լավ ընդունելության» ասվածն այս դեպքում գրեթե նույնն է, ինչ ոչինչ չասելը:

90 թվականին Մանուկն ապրում և աշխատում էր Ֆրանսիայում: Երևանում ծնվեց որդին, ինչի առիթով էլ մայրն ու կինը, ինչպես ասում է, ստիպեցին, որպեսզի Հայաստան վերադառնա: Կանայք հաղթեցին ու արդյունքից զրուցակիցս դժգոհ չէ: «Եթե ինչ-որ բան  չկորցնես, նորը չես գտնի: Ֆրանսիայում ես թողեցի իմ եկամտաբեր աշխատանքը, բայց Հայաստանում՝ Վերնիսաժում աշխատելու տարիներին կարողացա փրկել ազգային նվագարանների բացառիկ  նմուշներ, որոնք կարող էին պարզապես դուրս տարվել երկրից»,- ասում է Մանուկ Հարությունյանը:

Ազգային նվագարանների նրա ստեղծած հավաքածուն այսօր մշտական հասցե է փնտրում: Թանգարանի գաղափարը երկար տարիներ Մանուկին հանգիստ չի տալիս: «Համբերությամբ սպասում եմ, իմաստուն խոսքն ասում է՝ վախեցեք համբերատար մարդուց, նա վերջում հաղթում է»,- ասում է Մանուկը Հարությունյանը, մարդ, որն անկեղծորեն հավատում է՝ թավջութակն ունի սիրտ, իսկ  ջութակը՝ հոգի:

Ոչ միայն հավատում, նաև պնդում է,  որ Բախը սեբաստացի էր, իսկ նրա ստեղծագործության ակունքը՝ հայկական միջնադարյան տաղերը:

Back to top button