Մարգահովիտցու հոգսերը


«Ապրում ենք էլի, ժըղովրդի վիճակը շատ ծանրա»․Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում կան ընտանիքներ, որոնք ապրում են միայն թոշակով ու ընտանեկան նպաստով: Տնամերձ փոքր հողամասը չեն կարողանում մշակել կարտոֆիլի սերմացու չունենալու պատճառով: Մարգահովիտում, ինչպես նաև Լոռվա մյուս գյուղերում սեփականաշնորհված հողատարածքները լեռնային գոտիների խոտհարքեր են:
Հիմա ճիշտ ժամանակն է կարտոֆիլի սերմը հողին պահ տալու և աշնանը լավ բերք ակնկալելու համար: Լոռու մարզի գյուղերում եթե անձրևները չեն խանգարում, ապա գյուղացիներին տեսնում ենք իրենց փոքր տնամերձերում հող փորելիս ու կարտոֆիլի սերմեր ցանելիս: Սակայն քիչ չեն այն գյուղացիները, որոնք հնարավորություն չունեն նույնիսկ կարտոֆիլի սերմացու ձեռք բերել: Մարգահովիտ գյուղի բնակչուհի Արմենուհի Հարությունյանը նրանցից մեկն է: Տան դիմացի հողամասը ցույց տալոց, ասաց, որ մի մասն է ցանել, սերմ չունի, մնացածն էլ ցանի: «Ռադիոլուր»-ի հարցին՝ դիմել է գյուղապետի օգնությանը, պատասխանեց՝ գյուղապետն օգնել է դպրոցի դասագրքերի գումարը փոխանցելով: Խոսքը 9-րդ դասարանում սովորող կրտսեր դստեր՝ Մանեի մասին է, ով ուսման մեջ միջին առաջադիմություն ունի և շատ է ցանկանում խնջույքների սեղանների ձևավորման՝ դասընթացներին մասնակցել:
Արմենուհին տան ամբողջ հոգսը միայնակ է հոգում, կերակրում 4 հոգու: Ամուսինն ու որդին հոգեկան խնդիրներ ունեն, նրանք ժամանակ առ ժամանակ մի քանի ամսյա բուժում են ստանում համապատասխան կլինիկաներում: Արդեն մեկ ամիս է, որդին հիվանդանոցում է, մայրը դժգոհեց, որ հոգեկան խնդիրներ ունեցող որդուն 3 տարի առաջ բանակ են տարել, 6 ամիս հետո ազատել:
22500 դրամ ընտանեկան նպաստն ու 28400 դրամ ամուսնու հաշմանդամության թոշակը նրանց ընտանեկան ամբողջ բյուջեն է: կիսաքանդ գոմում ամուսնու եղբոր կովն են պահում, խոտը տնից է, ասում է՝ տեգրս կովը տվել է, որ յոլա գնանք, գոնե կաթ լինի խմենք:
Զրույցի ընթացքում Արմենուհին շարունակ մեջբերում էր վերջին տարիներին իր առողջական վիճակի վատանալուց, թոքաբորբ է տարել, չի կարողանում ապաքինվել, դեռ թույլ է, պատճառը նաև թերսնումն է: Բուժման դեղերը բժշկուհին է դուրս գրել:
Տունը, որտեղ ապրում են վթարային է, դա էլ իրենց սեփականությունը չէ:
«Էս տանը մենք, որպես վարձակալ են ապրում, հողն ու տունը կեսրարիս վրա է, տունն էլ վթարային, թուղթ էլ չունենք, որ ասեմ շատ ծանր վիճակի մեջ ենք ՝ հավատա, դե, ապրում ենք, էլի»:
Պատասխանը ճիշտ մեծ լոռեցու խոսքերը հիշեցրին: Դժվար ապրելակերպը ընտանիքի քայքայման պատճառ է դարձել 82–ամյա Հրանուշ Խառատյանի կազմավորած ընտանիքում: 85-ամյա ամուսինն ապրում է աղջկա տանը՝ ՌԴ Տամբովի մարզում, Հիվանդ է, սակայն աղջկա ընտանիքը նույնպես չի կարողանում բուժման ծախսերը հոգալ:
Տղայի կինը երեխաների հետ հեռացել է, հիմա ապրում են երկուսով 33000 դրամ թոշակի հաշվին, որը նույնիսկ կոմունալ ծախսերին չի բավարարում: Տատիկն ինքն է հոգում տան հոգսը: «Պայմանները ներըմ չի, լավ չենք ապրում: Հարսն ըրեխեքի հետ գնացելա հորանց տուն: Թոշակով ենք յոլա գնում: Տան առաջին մի քիչ հող կա, մշակում ենք, բայց անցած տարի ոչ կարտոշկա ելավ, ոչ՝ կաղամբ»:
Փամբակի լեռների ստորոտում ծվարած գյուղն արթնանում է իր հոգսերով, հայացքն ուղղում 1872 թ-ից կանգուն սուրբ Գրիգոր Լուսավորիչ հնամյա եկեղեցուն, աղոթում և սպասում վաղվա լավ օրվան: