Հին խորհրդարանի 69 պատգամավորներից 36-ը չեն լինի նոր ԱԺ-ում
Հին խորհրդարանի 69 պատգամավորներից 36-ը չեն լինի նոր՝ 6-րդ գումարման ԱԺ-ում: Նրանցից երկուսը՝ Արտակ Զաքարյանը եւ Արտակ Դավթյանը Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտից հետո կնշանակվեն պաշտպանության փոխնախարարների պաշտոններում: Վերադասավորումները թե օրենսդիր, թե գործադիր իշխանություններում դեռ շարունակվում են: Առաջին տարաձայնություններն ու առաջին պարզաբանումներն արդեն եղել են: Ընդ որում՝ քննարկումների մեջ է ինչպես իշխանությունը՝ որոնելով կոալիցիոն գործընկեր, այնպես էլ ընդդիմության մի հատվածը՝ անակնկալ պարզելով, որ ներսում ունի խժդժություններ: Ստեղծված իրավիճակից դժգոհություններ ունեն նաեւ հին խորհրդարանի պատգամավորները եւ ոչ նրա համար, որ տեղ չեն զբաղեցրել նոր խորհրդարանում:
Հին ու նոր Սահմանադրությունների, նոր խորհրդարանական ընտրությունների եւ նախագահականից խորհրդարանական կառավարման անցնելու միջակայքում ստացվել է այնպես, որ 5-րդ գումարման ԱԺ պատգամավորների լիազորությունների ժամկետն ավարտվեց սահմանվածից մեկ ամիս շուտ:
Երեւան քաղաքի այս հատվածում՝ Դեմիրճյան փողոցում, որտեղ ԱԺ շենքի հետին մուտքն է, այսօր երթեւեկությունը շատ հանգիստ է, թեեւ սովորաբար քառօրյա նիստերի օրերին պատգամավորների բացառապես մեծ եւ սեւ գույնի մեքենաները այստեղ կանգնում են երկու շարքով: Այս շաբաթ հին խորհրդարանի անդամները դեռ պետք է հավաքվեին այս շենքում՝ քառօրյա նիստերի, ըստ ժամանակացույցի՝ մինչեւ ամառային արձակուրդները մեկ քառօրյա էլ պետք է գումարվեր մայիսի 22-ից: Հին խորհրդարանը սակայն այլեւս չի հավաքվի, քանի որ ապրիլի 2-ի ընտրություններից հետո արդեն հայտնի է նոր ԱԺ առաջին նիստի օրը:
Շատ պատգամավորներ ներքին կարգով դժգոհում են, որ սրանով զրկվելու են մեկ ամսվա աշխատավարձից, իսկ ՀԱԿ խմբակցությունից արդեն նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը այս ամենում տեսնում է Սահմանադրության խախտում:
Ինչեւէ, 6-րդ գումարման ԱԺ առաջին նիստը մայիսի 18-ին առավոտյան 10-ին է: 131-ի փոխարեն նոր խորհրդարանում արդեն լինելու է 105 պատգամավոր: 4 խմբակցությունից ամենամեծը հանրապետականներինն է։ Ըստ մեծության՝ երկրորդը «Ծառուկյան դաշինքն» է, երրորդ տեղում «Ելքն» է։ Ամենափոքր խմբակցությունը դաշնակցությունն է: Թեեւ հանրապետականն ունի կայուն մեծամասնություն, բայց կոալիցիա կազմելու շուրջ բանակցություններ վարում է ամենափոքր, բայց արդեն ավանդական գործընկերոջ՝ աշնակցության հետ: Նախատեսվում է, որ առաջին նիստին ընդդիմություն լինելու մասին կհայտարարեն «Ծառուկյան» դաշինքն ու «Ելքը»: Սա կանոնակարգ օրենքի պահանջն է: Ասում են, որ Սահմանադրությամբ խորհրդարանական ընդդիմությանը տրվել են նոր լծակներ եւ մի քանի առանցքային պաշտոն զբաղեցնելու քվոտա՝ այդ թվում նաեւ ԱԺ 3 փոխնախագահներից մեկի աթոռը: Փաստաբան Նորայր Նորիկյանը չի կարծում, որ սա բավարար է ազդեցիկ խորհրդարանական ընդդիմություն ունենալու համար, արդարադատության նախարարի խորհրդական Բագրատ Ղազինյանը խնդիրը նախընտրում է դիտարկել այլ տեսանկյունից:
Նոր խորհրդարանի առաջին անակնկալը թերեւս «Ծառուկյան» դաշինքն է: 31 հոգանոց ընդդիմադիր խմբակցությունը երեկվանից նաեւ իր ներսում ունի սեփասկան ընդդիմությունը: 12 թեկնածու երեկ դեմ գնացին դաշինքի առաջնորդի որոշմանը եւ ԿԸՀ-ից հետ վերցրեցին ինքնաբացարկի դիմումները՝ պնդելով, որ ցանկանում են ստանալ պատգամավորական մանդատ: Ինչպիսի զարգացումներ տեղի կունենան այս խմբակցությունում՝ կերեւա առաջիկա օրերի ընթացքում: Օրենքը թույլ է տալիս ընդվզող պատգամավորներին դուրս գալ խմբակցությունից, բայց դրանից հետո նրանք կարող են հանդես գալ բացառապես անկախ պատգամավորի կարգավիճակում։ Նոր խումբ ստեղծելը նոր կարգավորումներով արգելվում է:
Ճակատագրի բերումով ստացվել է այնպես, որ ԱԺ անդրանիկ նիստը մի քանի ժամով կնախագահի «Ծառուկյան» դաշինքում ընդվզող թեկնածուներից մեկը՝ Նապոլեոն Ազիզյանը: Նա 71 տարեկան է եւ պատգամավորներից ամենատարեցը։ Ըստ կանոնակարգ օրենքի՝ հենց ամենատարեց պատգամավորը պետք է նախագահի նիստը մինչեւ ԱԺ նոր նախագահ ընտրելը: Նույն օրը կընտրվեն նաեւ նախագահի տեղակալները, կորոշվի մշտական հանձնաժողովների թիվը եւ կընտրվեն հանձնաժողովների նախագահները: Սահմանադրությունն ասում է, որ մշտական հանձնաժողովները չեն կարող 12-ից ավելին լինել: Սահմանադրագետ, ԱԺ աշխատակազմի արդեն նախկին ղեկավար եւ նոր Աժ-ում հանրապետական կուսակցությունից պատգամավոր Հրայր Թովմասյանի ներկայացմամբ՝ նախկինի համեմատ մշտական հանձնաժողովների թիվը կկրճատվի:
Մայիսի 18-ին նոր խորհրդարանի ձեւավորումը կավարտվի, բայց նույն օրը կլուծարվի կառավարությունը: Նոր ԱԺ առաջին նիստին կառավարությունը հրաժարական կտա, 10 օրվա ընթացքում նախագահը կնշանակի նոր վարչապետ: Դրանից հետո, 20 օրվա ընթացքում, վարչապետի առաջարկությամբ նախագահը կնշանակի նախարարներին: Իսկ կառավարությունը կազմավորելուց հետո 20 օրվա ընթացքում իր ծրագիրը կներկայացնի ԱԺ- ին, որն էլ արտահերթ կարգով կքննարկի հնգօրյա ժամկետում: