Տնտեսական

Հանքարդյունաբերության ոլորտում $180 մլն-ի ներդրում կարվի

Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում այս տարի սպասվում են մեծ ծավալի ներդրումներ,- հայտնում են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության երկրաբանության, նորմատիվամեթոդական և վերլուծության բաժնի պետ Շուշանիկ Քերոբյանի փոխանցմամբ, ընդերքօգտագործողներից ստացված տեղեկատվության համաձայն, ոլորտի չորս ընկերություններ՝ «Գեոպրոմայնինգ Գոլդը», «Լիդիան Արմենիան», «Թեղուտը» և «Վայք Գոլդը» պատրաստվում են իրականացնել ընդհանուր առմամբ 180 մլն դոլարի ներդրումային ծրագրեր.

Ավելի քան 158 մլն դոլար է նախատեսվում Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի  շահագործման նախապատրաստման  նպատակով։

Ներդրումները հավասարաչափ կիրականացվեն տարվա վերջին երեք եռամսյակների ընթացքում։ Նախատեսում է յուրաքանչյուր եռամսյակում իրականացնել 52,8 մլն դոլարի աշխատանքներ, որի արդյունքում կստեղծվեն հարյուրավոր նոր աշխատատեղեր։ Տարեսկզբին այս ծրագրում ընդգրկված աշխատողների թիվը գերազանցում էր 360-ը։ Ակնկալվում է, որ ներդրումային ծրագրի իրականացման առաջիկա երկու տարիներին այն կհասնի 1,2-1,3 հազարի։

Այս տարվա համար 10 մլն դոլարի ներդրումային ծրագիր կիրականացնի «Գեոպրոմայնինգ Գոլդը»։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերազինել Սոթքի ոսկու կորզման ֆաբրիկան և հանքավայրը։ Գրեթե նույնքան կկազմի Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման նախապատրաստման աշխատանքների ֆինանսավորումը։ Ծրագրերն արդեն մեկնարկել են։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Շուշանիկ Քերոբյանը հայտնել է, որ 2 մլն դոլարի ներդրումներ են սպասվում նաև «Վայք Գոլդը»  ընկերության կողմից։

Back to top button