Մշակույթ

Կնքվել է Շառլ Ազնավուրի թանգարանի տարածքի նվիրաբերության պայմանագիրը

ՀՀ կառավարության՝  այս տարվա  մարտի  23-ի N 273 — Ա որոշմամբ Երևանի՝ Անտառային փողոցի N 11/4 հասցեում գտնվող  Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի համար նախատեսված տարածքը՝ 1224.4 քառ. մետր մակերեսով և զբաղեցրած՝ օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ  0.1 հեկտար հողամասով,  նվիրաբերվել են «Ազնավուրը» հիմնադրամին՝ բացառապես որպես Շառլ Ազնավուրի թանգարան և մշակութային կենտրոն ծառայեցնելու պայմանով:

ՊԳԿ վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօր Պետական գույքի կառավարման  վարչությունում Ազնավուր ընտանիքի անդամների մասնակցությամբ հանդիսավորությամբ կնքվել է նվիրատվության պայմանագիրը, որն «Ազնավուրը» հիմնադրամի անունից ստորագրել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստինա Սարկիսյանը, որը Շառլ Ազնավուրի որդի՝ Նիկոլա Ազնավուրի կինն է:

Ստեղծվելիք թանգարանում կպահպանվեն և կցուցադրվեն արվեստի և մշակութային արժեքներ՝ չսահմանափակվելով միայն Շառլ Ազնավուրի կյանքն արտացոլող տեսալսողական նյութերի ցուցադրություններով:

«Ազնավուրը» հիմնադրամի երևանյան մշակութային կենտրոնում  կկազմակերպվեն  մշակութային տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ համերգներ, վարպետության դասեր, ֆիլմերի ցուցադրություններ, ֆրանսերեն լեզվի դասընթացներ, սոցիալական այլ  ծրագրեր կիրականացվեն: Կենտրոնում  նաև ձայնագրման ստուդիաներ և գրասենյակներ կգործեն:

Back to top button