ԿարևորՔաղաքական

Վկայություն, որը կստիպի Թուրքիային ժխտողականության նոր ուղիներ փնտրել


Մասաչուսեթսի Կլարկսի համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամի վերջին բացահայտումը նոր լույս է սփռում հայոց ցեղասպանության ուսումնասիրության վրա։ Թուրք պատմաբանին հաջողվել է գտնել Երիտթուրքերի պարագլուխներից Շաքիրի հեռագիրը, որը հստակ ապացուցումը է՝ 1915 թվականի կոտորածները եղել են կազմակերպված եւ ծրագրված։ «Ռադիոլուրը» զրուցել է թուրք անվանի գիտնականից հետ։

 

Թուրք պատմաբան Թաներ Աքչամը վերջերս հայտնաբերել է մի փաստաթուղթ, որը Թուրքիայի կառավարությանը կստիպի Հայոց ցեղասպանությունը հերքելու նոր ուղիներ փնտրել:

“Այստեղից արտաքսված հայերը ոչնչացվու՞մ են, թե՞ ոչ: Այդ խնդրահարույց անձինք բնաջնջվու՞մ են, թ՞ե պարզապես արտաքսվում: Խնդրում եմ ազնվորեն զեկուցել:”  Սա է արաբական նիշերով գաղտնագրված հեռագրի բովանդակութունը, որը հայոց ցեղասպանության գլխավոր ճարտարապետներից մեկը` Բեհաեդդին Շաքիրը հղել էր Խարբերդի կառավարիչ Սաբիթ բեյին 1915 թ. հուլիսի 4-ին:

Փաստաթուղթը, ըստ էության, կազմված է երկու մասից` վերևում տեքստն է, իսկ ներքևում արաբերեն քառանիշ գաղտնագրերի (կոդերի) բազմություն: Թաներ Աքչամն ասում է, որ հեռագիրը կարևոր է երկու առումով:  “Առաջին, այն գրված է Օսմանյան ներքին գործերի նախարարության կնիքով ձևաթղթի վրա և երկրորդ, այն պարունակում է վերծանված հաղորդագրություն:”

Պատմաբանը արաբական թվերի միջոցով կոդավորման համակարգը համեմատել է օսմանյան արխիվների այլ փաստաթղթերի հետ և համընկնումներ է գտել դրանցից 24-ում: Ասում է, որ նույն բառերը նույն կերպ են կոդավորված, հետևաբար, Թուրքիայի իշխանությունները չեն կարող պնդել, որ սա կեղծիք է:

Հեռագիրը բավականին հայտնի փաստաթուղթ է Հայոց ցեղասպանությունը ուսումնասիրողների շրջանակներում և բազմաթիվ անգամ հիշատակվել է Ստամբուլի ռազմական դատարաններում:

Թաներ Աքչամն իմացել է, որ հեռագիրը Երուսաղեմի արխիվում է գտնվում, բայց ի վերջո դրա լուսանկարի ժապավենը հայտնաբերել է Նյու Յորքում` անձնական հավաքածուներից մեկում:  Այստեղ հարկ է հիշել երկու պատմություն` ինչպե՞ս է փաստաթուղթը հայտնվել Երուսաղեմի արխիվում, իսկ դրա լուսանկարը` Միացյալ Նահանգներում:

Ռազմական դատարաններում հայերին ներկայացնում էր Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքը և նրան հասանելի էին որոշակի դատական գործերի հետ կապված նյութերը: Նախագահող դատավորը պատրիարքարանին էր հանձնել փաստաթղթերի մի մեծ թղթապանակ, որը 1922 թ.-ին Մուստաֆա Քեմալի իշխանության գալուց հետո պատրիարքն ուղարկեց Մարսել, ապա Մանչեստթր, և ի վերջո փաստաթղթերը հանգրվան գտան Երուսաղեմի հայոց պատրիարքարանի արխիվում։ Այն մինչ այժմ փակ է ուսումնասիրողների համար:

“1960-անների վերջերին հայ կաթոլիկ քահանա Գրիգոր Գերգերյանը այցելել է Երուսաղեմ և լուսանկարել այնտեղ պահվող որոշ փաստաթղթեր, որոնց թվում նաև այս հեռագիրը: Նա ուներ անձնական հավաքածու, որը պահպանել է նրա ազգականը,” ասում է Թաներ Աքչամը:

Չնայած փաստաթղթի կարևորությանը, պատմաբանը չի կարծում, որ այն կարճաժամկետ հեռանկարում կհանգեցնի Թուրքիայի դիրքորոշման փոփոխությանը:

“Ես քար եմ նետել ջուրը, և ալիքները դեպի ափ են գնում: Ես չգիտեմ որքան ժամանակ անհրաժեշտ կլինի, որ դրանք ափին հասնեն, իսկ ափը հենց Թուրքիայի ժխտողականությունն է”:

Պատմաբանն ասում է, որ հեռագիրը ազդեցիկ վկայություն է, որը Թուրքիան դժվար թե կարողանա հերքել, բայց նաև համոզված է, որ Անկարան կգտնի որոշակի արդարացումներ: “Թուրքիան կշարունակի ժխտողական քաղաքականությունը, բայց այս փաստաթուղթը դժվարին կացության մեջ կդնի կառավարությանը` ստիպելով հայոց ցեղասպանությունը հերքելու այլ ուղիներ փնտրել:”

Վերջում, Թաներ Աքչամը մի կարևոր դիտարկում է անում: “Ինչպես գիտենք, իրար հաջորդող թուրքական իշխանությունները պնդում են, որ Հայոց ցեղասպանության հարցը չպետք է քաղաքականացվի, որ ցեղասպանության հարցը պետք է թողնել պատմաբաններին; Դա այն է, ինչ ես անում եմ: Որպես պատմաբան, որպես ուսուցիչ` մեր պարտքն է գալիք սերունդներին ներկայացնել պատմական անարդարությունները, զանգվածային վայրագությունները` դրանց կրկնությունը կանխելու համար:”

Թաներ Աքչամը կարծում է, որ Թուրքիան պետք է առերեսվի իր պատմությանը` ոչ միայն հայերի հետ հարաբերությունները կարգավորելու, այլև ժողովրդավարական հասարակություն կառուցելու համար:

Back to top button