Վարչապետը և Արգենտինայի դեսպանը քննարկել են տնտեսական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային:
Վարչապետը նշել է, որ երկու երկրներն ունեն ամուր բարեկամական կապեր, ինչը պայմանավորված է նաև կենսունակ արգենտինահայ համայնքով, և Հայաստանը պատրաստ է ընդլայնել համագործակցության օրակարգը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Կարեն Կարապետյանը կարևորել է առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը՝ նշելով, որ թեև Արգենտինան Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալով մեծ մասնաբաժին ունի, այդուհանդերձ, ապրանքաշրջանառության ցուցանիշները գոհացուցիչ չեն, և դեռևս շատ անելիք կա առկա ներուժը լիարժեք իրացնելու ուղղությամբ: Վարչապետն առաջարկել է դիտարկել արգենտինական բիզնեսի համար մեր երկրում գործարար համաժողով կամ բաց օրեր կազմակերպելու հարցը՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ երրորդ երկրների շուկաների ներդրումային հնարավորություններին ծանոթացնելու նպատակով: Կառավարության ղեկավարը նաև հաջողված է համարել Հայաստանում «Արգենտինական գինու շաբաթ»-ի անցկացումը:
Գոնսալո Ուռիոլաբեիտիայի խոսքով՝ Արգենտինան մշտապես կարևորել է բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը, որոնք այսօր բարձր մակարդակի վրա են և պետք է աշխատել, որպեսզի այդ մոտեցումը հավասարապես արտացոլվի նաև տնտեսական գործակցության ոլորտում: Նա նշել է, որ դեսպանությունն ակտիվ աշխատում է ՀՀ համապատասխան պետական գերատեսչությունների հետ փոխշահավետ ներդրումային ծրագրերի շուրջ և մանրամասներ ներկայացրել դրանց ընթացքի վերաբերյալ:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայ-արգենտինական տնտեսական գործակցության համար առանձնահատուկ կարևորություն ունի գյուղատնտեսության ոլորտը: Կողմերը մտքեր են փոխանակել ագրոբիզնեսի կազմակերպման, գյուղտեխնիկայի և սարքավորումների ձեռքբերման, խորհրդատվական աշխատանքների կազմակերպման շուրջ: Երկուստեք կարևորվել է զբոսաշրջության խթանմանն ուղղված քայլերի ձեռնարկումը: