Մշակույթ

Գարի Քյոսայանի նոր ստեղծագործությունը կհնչի Ջազի միջազգային օրվան նվիրված համերգին

Կոմպոզիտոր, ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանի նոր ստեղծագործությունը կհնչի Ջազի միջազգային օրվան նվիրված համերգին:

Ապրիլի 30-ին Կասկադ համալիրի տարածքում տեղի կունենա բացօթյա համերգ, որին հանդես կգա նաև Քյոսայանի հայաստանյան քառյակը:

«Ես ելույթ եմ ունենալու այդ միջոցառմանն Hammond B3 երգեհոնով, որը բերել եմ ինձ հետ ԱՄՆ-ից: Առաջին անգամ պետք է հնչի ստեղծագործություն, որը գրել եմ վերջերս` հատուկ նվիրված Ջազի օրվան: Այն կոչվում է Day of my dream («Իմ երազելու օրը»): Բավականին հետաքրքիր ստեղծագործություն է»,-նշել է Գարի Քյոսայանը:

Համերգային երեկոյի ընթացքում ունկնդրին կներկայացվեն Գարի Քյոսայանի սիրված և հայտնի ստեղծագործությունները, ինչպես նաև ամերիկյան և այլ ազգի հայտնի ջազ կոմպոզիտորների գործեր:

Տեղեկացնենք, որ Քյոսայանի հայաստանյան քառյակի կազմում բացի նրանից հանդես են գալիս Ալլա Սահակյանը (վոկալ), Մարատ Հակոբյանը (սաքսոֆոն), Արթուր Նազարյանը (բաս կիթառ),Արմեն Մովսիսյանը (հարվածային գործիքներ):

Գարի Քյոսայանը շեշտում է, որ իր համար գերագույն հաճույք է նվագելը ոչ միայն աշխարհահռչակ ամերիկյան ջազմենների, այլև հայ երիտասարդության հետ, ինչը պակաս ոգևորիչ չէ: Ապրիլի 30-ին նշվում է Ջազի միջազգային օրը:

Ջազն ի հայտ է եկել 19-րդ դարի վերջին ու 20-րդ դարի սկզբին որպես աֆրիկյան և եվրոպական մշակույթների սինթեզ և առ այսօր շարունակում է մնալ երաժշտական արվեստի բացառիկ ձև, որը միավորում է ազգերին, վերացնում սահմանները մարդկանց և պետությունների միջև:

Back to top button