Մշակույթ

7 ոսկե, 5 արծաթե և 4 բրոնզե մեդալ. հայ երեխաների փայլուն արդյունքը՝ Դելփյան խաղերից


Ռուսատանի Եկատերինբուրգ քաղաքում կայացած դելփյան խաղերից հայ երեխաները վերադարձել են փայլուն արդյունքով: Մեդալների հաշվարկով յուրօրինակ այս օլիմպիադայում նրանք զիջել են միայն Ռուսաստանին: Հայկական պատվիրակության անդամներին հաճախ մեղադրել են՝ ինչ է, բոլոր մեդալներն ուզում եք տանել Հայաստա՞ն:

«Յուրատեսակ օլիմպիական խաղեր՝ մշակույթի ոլորտում»,-Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը հենց այսպես է բնորոշում  ԱՊՀ երկրներում կազմակերպվող Դելփյան խաղերը, որին Հայաստանը մասնակցում է 2002 թվականից: Ապրիլի 18-23-ը  ՌԴ Եկատերինբուրգ  քաղաքում կայացած  12-րդ Երիտասարդական Դելփյան խաղերից հայ մասնակիցների 29 հոգանոց թիմը վերադարձել է յոթ  ոսկե, հինգ արծաթե,  չորս  բրոնզե մեդալով ու ինը  դիպլոմով: Մեդալների ընդհանուր հաշվարկով Հայաստանը զիջում է միայն Ռուսաստանին, որի մասնակիցների թիվն անհամեմատ ավելի մեծ է եղել:

«Մեր երեխաների նման հաջողությունը ինչ-որ առումով սովորական է դարձել:  Սա մեր կրթական համակարգի երկարամյա արդյունավետ աշխատանքի արդյունքն է: Բացի այդ նախարարությունը  վերջին տարիներին  ընդգծված ուշադրություն է դարձնում մեր տաղանդավոր երեխաների կրթությանն ու գեղագիտական դաստիարակությանը՝ իրականացնելով համալիր ծրագրերի մի ամբողջ շարք»:

Արթուր Պողոսյանը Մշակույթի նախարարության շնորհակալագրերը  հանձնեց երեխաներին, ովքեր շատ բարձր մակարդակով ներկայացրել են Հայաստանը միջազգային այս հարթակում: Համեմատության համար միայն փոխնախարարը նշեց, որ հարևան Ադրբեջանն այս խաղերում ընդամենը մեկ բրոնզե մեդալ է վաստակել, այն էլ կռվով:

Հայաստանը բացարձակ արդյունք է ցուցաբերել մասնավորապես «Դաշնամուր»,  «Ազգային նվագարաններ»   և «Կերպարվեստ» անվանակարգերում: Առաջին անվանակարգում երկու տարիքային խմբեր ներկայացնող Հայաստանի երկու մասնակիցներն էլ /Անդրեյ Կուրբետ, Խաչիկ Անդրեասյան/ արժանացել են ոսկե մեդալի: «Կերպարվեստ» անվանակարգերում երեք տարիքային խմբերում Հայաստանը ներկայացնող մասնակիցներից երկուսն /Աննա Կոստանյան, Միքայել Հարությունյան/, արժանացել են ոսկե,  մեկը/Վիկտորիա Մանուկյան/՝ բրոնզե մեդալի: «Դաշնամուր» անվանակարգում  հանձնաժողովի անդամ Արմեն Բաբախանյանին լսենք

«Դաշնամուր» անվանակարգում  Ռուսաստանն այս տարի ներկայացել էր բացառիկ ուժերով, այդ թվում՝  Վլադիմիր Կրայնևի անվան դաշնակահարների միջազգային մրցույթի երեք դափնեկիրները, բայց մեր տղաները, կոպիտ ասած, ջախջախեցին բոլորին»:

Մեզ անընդհատ ասում էին՝ ի՞նչ է, դուք ուզում եք բոլոր մեդալները տանել Հայաստա՞ն»,-պատմեց Արմեն Բաբախանյանը: Նույն «մեղադրանքը » լսել է   նաև «Ազգային նվագարաններ» անվանակարգում հանձնաժողովի անդամ Ծովինար Հովհաննիսյանը:

«Սա իսկապես դաժան մրցույթ է, որտեղ մեր երեխաներն անցնում են չափազանց նեղ «խողովակի» միջով, որովհետև յուրաքանչյուր պետություն  ներկայանում է  իր լավագույններով: Այս մրցույթում չկա՛ն թույլ երեխաներ: Նրանք բոլորն էլ գալիս են մեդալ  ստանալու ակնկալիքով: Նման պայքարում  մեր անվանակարգում վեց մեդալից երեքը Հայաստան բերելն իսկապես մեծ հաջողություն է»:

Ամենակարևորն այն է, որ կար թիմի հասկացողություն: Մեր երեխաները երբեմն միմյանց հետ էին մրցում, 7   կարևոր չէր՝ ով կշահի մեդալը. դա Հայաստանի, հայրենիքի  համար էր»,-ասում է Ծովինար Հովհաննիսյանը:

Back to top button