Տնտեսական

ՊԵԿ. Տոնավաճառներում առաջացած բողոքն ուղղորդված է

Պետական եկամուտների կոմիտեն օրերս հայտարարություն է տարածել այն մասին, որ բիզնեսի համար հավասար դաշտ ապահովելու նպատակով օրենքը շրջանցողների նկատմամբ հսկողական լայնածավալ գործողություններ է իրականացնելու:

ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած արձագանքում ասված է. «Զանգվածային լրատվության որոշ միջոցներ կոմիտեի կողմից օրենքի շրջանակում տոնավաճառներում մեկնարկած ստուգայցերը մեկնաբանել են իբրև «տեռոր»՝ անհիմն ենթադրություններով կապեր ստեղծելով «կառուցվող նոր առևտրի կենտրոնի» և վարչապետի հետ»:

ՊԵԿ-ից անհրաժեշտ են համարում հստակեցնել, որ կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացվող ստուգայցերը ոչ թե պատժելու, այլ կանխարգելման նպատակ ունեն և բխում են այն տրամաբանությունից, որի մասին նախապես կոմիտեն հայտարարել էր՝ քննարկելով նաև հասարական կառույցների հետ: Եվս մեկ անգամ շեշտենք, որ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հանձնարարությամբ դեռևս նախորդ տարվա նոյեմբերից բիզնեսի հետ ոլորտային հանդիպումներ են մեկնարկել:

«Կոմիտեն ներկայացրել է ռիսկերն ու անհատական վերլուծությունների համակարգի հիման վրա կազմել յուրաքանչյուր ընկերության ստվերի անձնագիրը՝ բիզնեսին առաջարկելով ինքնակամ վերանայել հարկային վարքագիծը: Այդ ընթացքում կոմիտեն զերծ է մնացել պատժիչ միջոցառումից, ավելին՝ երկխոսության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ներգրավել է նաև հասարակական կազմակերպություններին: Չնայած արձանագրված դրական արդյունքներին՝ այդուհանդերձ, կան որոշ տնտեսվարողներ, որոնք վարքագծի փոփոխման պատրաստակամություն չեն դրսևորել: Նրանց նկատմամբ ՊԵԿ-ը, ինչպես նախապես տեղեկացրել էր, նախազգուշացումից անցնում է հսկողական գործողությունների՝ հասարակական կազմակերպություններին ևս առաջարկելով ներգրավվել աշխատանքներում:

Տոնավաճառում գործունեություն իրականացնողները բիզնես շղթայի մասն են, որը պետք է օրենքի դաշտում գործի, որպեսզի չհարկվող շրջանառության դեմ հսկողությունը լիարժեք լինի: Ընդգծենք, որ կոմիտեի կողմից իրականացվող գործողություններն ուղղված են այն խոշոր տնտեսվարողների դեմ, որոնք օրենքը շրջանցելով քողարկվում են փոքրի դաշտում: Միջոցառումներն ուղղված չեն ՓՄՁ-ի դեմ, այլ նպատակաուղղված են տոնավաճառների կազմակերպիչների գործունեության կանոնակարգմանը:

Հստակ նկատելի է, որ առաջացած բողոքն ուղղորդված է: Անձնական շահերից ելնելով հրահրվող բողոքի դրսևորումներն ապարդյուն են լինելու. կոմիտեն վճռականորեն գնալու է մինչև վերջ: ՊԵԿ-ը դիտակետում է պահելու անբարեխիղճ տնտեսվարողներին՝ շարունակելով նախազգուշացնել հարկային պարտավորությունները պատշաճ կատարելու վերաբերյալ: Իրականացվելու է հասցեական հսկողություն՝ բոլորի համար հավասար մրցակցային միջավայր ապահովելու նպատակով: Միաժամանակ օրինապահ հարկ վճարողները կարող են վստահ լինել, որ կոմիտեն որևէ կերպ չի միջամտելու իրենց գործունեությանը»,-ասված է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Back to top button