Վերլուծական

Տարանցիկ ճանապարհների գործարման ծրագրը իրատեսակա՞ն


Որքանով են իրագործելի Աբխազիայում ու Վրաստանում Ռուսաստանի ու Իրանի արտգործնախարարների տարանցիկ ճանապարհների գործարման ծրագրերը, որոնցում ներգրավվածություն պետք է ունենա նաև Հայաստանը:

Նոր հնարավորություններ ՀՀ-ի համար տարածաշրջանային ծրագրերում ներգրավվելու համար:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այցելում  է Սուխում, Իրանի արտգործնախարար  Մուհամադ Ջավադ Զարիֆը՝ Թբիլիսի ու երկուսն էլ խոսում են տարանցիկ ուղիներից մասին՝ շեշտելով այդտեղ նաեւ Հայաստանի մասնակցության մասին։

Մոսկվան խոչընդոտներ չի տեսնում Աբխազիայի տարածքով դեպի Հայաստան  երկաթուղային ճանապարհով բեռների տարանցումը վերականգնելու համար, Աբխազիան ևս դեմ չէ երկաթգծի վերագործարկմանը, սակայն որքանո՞վ է իրագործելի այս ծրագիրը ռուս-վրացական կնճռոտ հարցերի եւ աբխազական խնդրի առկայության պայմաններում Վրաստանի համար։

ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության  և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանն ծրագրի իրագործման հեռանկարում խնդիրներ է տեսնում Վրաստանի կողմից. «Չի կարող նման բան լինել, քիչ հավանական է, քանի որ Վրաստանը մաքսիմալիստ է և կուզի, որ Աբխազիան միանա Վրաստանին»:

Սակայն միանգամայն իրատեսական է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի՝ Ջավադ Զարիֆի Սև ծովը Պարսից ծոցին կապելու տեսլականը: Արմեն Մանվելյանի խոսքով՝ դա նույն Մետաքսի ճանապարհի շարունակությունն է, ինչի մասին վաղուց խոսվում է:

ՀՀ-ի տարածքով տարանցումն այնքան է հետաքրքրում Իրանին, որ նախորդ տարվա նոյեմբերին Թեհրանը Գերմանիայից բեռները Սև ծովով, Երասխով հասցրեց Իրան , ինչից հետո իրանցի փորձագետները հայտարարեցին, որ ՀՀ-ով տարանցումը շատ ավելի մատչելի է:

Իրանագետ Վարդան Ոսկանյանը Սև ծովը Պարսից ծոցին կապելու   ծրագիրն առավել կարևորեց ու շեշտեց, որ պետք է արագացնել Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարությունը, այս հարցում պաշտոնական Երևանը  պետք է ակտիվություն դրսևորի և պետք  չէ այստեղ մեղավորներ փնտրել:

Իրանագետի կարծիքով՝ և աբխազական երկաթգիծ վերագործարկումը և հյուսիս-հարավի շինարարության ավարտը ռազմավարական, կենսական  նշանակություն ունեն ՀՀ-ի համար: Ըստ Վարդան Ոսկանյանի՝ հյուսիս-հարավ ավտոճանապարհի գոյությունը  ոչ միայն տնտեսական շահ կապահովի, այլև քաղաքական, դա կզրոյացնի  թուրք-ադրբեջանական շրջափակման հասցրած վնասը՝ կարծում է իրանագետը։

Կարդացեք նաև

Back to top button