

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն օրերս Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտին նամակ էր հղել և կոչ արել ընթացք տալ ԵԽԽՎ պատգամավորներին վերաբերող կոռուպցիոն սկանդալները հետաքննող մարմին ստեղծելու նախաձեռնությունը: Մինչ Ագրամանունտը կմտածի, թե ինչպես արձագանքել նամակին, իրադարաձությունները այլ ընթացք են ստանում: Չի բացառվում, որ ապրիլյան նստաշրջանի ժամանակ քննարկվի հենց Ագրամունտի պաշտոնանկության հարցը: Նրան առաջադրած ԵԺԿ-ում դժգոհություններ են հասունացել և բացատրություններ են պահանջվում: «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը ապրիլի 24-ին Վեհաժողովում սկանդալային քննարկումներ է կանխատեսել:
« Պեդրո Ադրամունդի՝ Սիրիա կատարած վերջին այցելությունից հետո մեծ աղմուկ է բարձրացել ԵԽԽՎ պատգամավորների շրջանում: Որպես դրանց արձագանք, ԵԺԿ խմբակցության ղեկավար Ակսել Ֆիշերն իր անունից նախաձեռնել է բանաձևի նախագիծ, որն ուղղված է Ագրամունտի քայլերի դատապարտմանը: Այլ կերպ, քան քաղաքական ճգնաժամ ԵԽԽՎ-ում, սա անվանել հնարավոր չէ»:
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆրամանյանի գնահատականն է: Իսկ Ագրամունտի գործողություններից դժգության հերթական առիթը Պետդումայի պատգամավորների հետ Սիրիա կատարած այցելությունն է: Եվրապատվիրակների շրջանում այն միանշանակ չի ընկալվել, նախ և առաջ այն պատճառով, որ Ագրամունտը Վեհաժողովի կամ նրա որևէ կառույցի կողմից լիազորված չի եղել նման այցելություն կատարելու: Այդ դժգություններն էլ հենց վերածվել են բանաձևի նախագծի՝ գրված անձամբ ԵԺԿ խմբակցության ղեկավարի կողմից:
«Բնաձևի նախագծում սևով սպիտակի վրա գրված է, որ ԵԽԽՎ-ում աղմուկ բարձրացրած կոռուպցիոն սկանդալների ֆոնին ԵԽԽՎ նախագահի վերջին գործողությունները ևս մեկ հարված են հասցնում այս կառուցի հեղինակությանը և կասկածի տակ են առնում նրա անկողմնակալությունը»:
Սամվել Ֆարմանյանը կարծում է, որ քաղաքական ճգնաժամի քաղաքակիրթ ելքը հրաժարականն է. լինելով ԵԺԿ ներկայացուցիչ և կորցնելով այդ կուսակցության վստահությունը՝ Ագրամունտն այլ ճանապարհ չունի: Համենայն դեպս, Ագրամունտի գործողությունները դատապարտողի կամ առնվազն պատասխաններ պահանջողի դերում արդեն նրան այդ պաշտոնը զբաղեցնելու հնարավորությունը տված խմբակցությունն է:
Ագրամունտի կողմնակալ դիրքորոշումների մասին Ստրասբուրգում ամենից հաճախ թերևս խոսել են հայ պատվիրակները: Կառույցի ղեկավարի անթաքույց ադրբեջանամետ կեցվածքը մատնանշելու և դատապարտելու բազմաթիվ առիթներ են եղել:
Ի դեպ, վերջերս Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն էր Ագրամունտին նամակ հղել և հիշեցրել, որ դեռևս հունվարին ԵԽԽՎ բյուրոն որոշել է ԵԽԽՎ պատգամավորների կոռուպցիոն սկանդալներին ուսունմասիրող կառույց ստեղծել ։ Մարտին, սակայն, Մադրիդում կայացած հանդիպման ժամանակ բյուրոն համաձայնության չէր եկել և հետաձգել էր հարցի քննարկումը մինչև ապրիլ:
Այս ձգձգումը մտահոգել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին և Յագլանդը Ագրամունտին հորդորել էր չհապաղել և արագացնել հետաքննության անկախ մարմնի ստեղծման մասին որոշման ընդունումը: Իսկ ԵԽԽՎ պատգամավորների կոռուպցիոն սկանդալների մեծ մասն ուղղակիորեն առնչվում է Ադրբեջանին։
Ամենաաղմկահարույց դեպքը իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեինն էր: Միլանի դատախազությունը բացահայտել էր, որ նա Ադրբեջանի օգտին, բայց վեհաժողովում քննարկվող բանաձևերից մեկի դեմ քվեարկելու համար ստացել է 1 մլն դոլարից ավելի կաշառք: Այդքան արժեցել էր Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ Քրիստոֆ Շտրասերի պատրաստած զեկույցին իտալացի պատգամավորի դեմ քվեարկությունը:
Ադրբեջանական հետքով կոռուպցիոն պատմությունները հասել էին նաև Իսպանիայի Սենատ, որտեղ արդեն բացատրություն էին պահանջել ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտից կրկին ադրբերջանական առնչությունների վերաբերյալ: Հիմա Ագրամունտը պետք է բացատրություններ ներկայացնի ԵԽԽՎ-ին ու ԵԺԿ-ին: Այս ամենի մեջ կա հայկական պատվիրակության աշխատանքի արդյունքը՝ ասում է Սամվել Ֆարմանյանը:
ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը կմեկնարկի ապրիլի 24-ին: Մեր պատվիրակները կարևոր ու թեժ քննարկումներ են կանխատեսում և նկատում, որ դրանք բաց թողնել չեն կարող: Ի դեպ, այդ նստաշրջանին կմասնակցի դեռևս նախորդ գումարման խորհրդարանի պատվիրակությունը: Նրան լիազորություններն ուժի մեւ են մինչև մայիսի 30-ը:




