

ԻԿՕՄ Հայաստանի ազգային կոմիտեն՝ Մշակույթի նախարարության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Սմիթսոնյան ինստիտուտի «Իմ Հայաստան» ծրագրի աջակցությամբ ապրիլի 5-8-ը Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպում է «Թանգարանային ցուցադրություն. նախագծում և դիզայն» խորագրով դասընթաց՝ ոլորտի հայ մասնագետների համար: Դասընթացը կվարեն ԱՄՆ Մետրոպոլիտեն և Սմիթսոնյան թանգարանների, Բրիտանական թանգարանի, ինչպես նաև ԻԿՕՄ Հայաստանի ազգային կոմիտեից ընդգրկված փորձագետները:
Ի՞նչ ենք ակնկալում այս դասընթացից: Ըստ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի՝ առաջին հերթին թանգարանային գործում աշխարհի հետ համահավասար քայլելու հնարավորություն: Անընդհատ փոփոխվող աշխարհում, ըստ նրա, մենք կարիք ունենք փորձի փոխանակման, նոր հարթակների ստեղծման, ցանցային նոր լուծումների:
«Կալիֆորնիայում կա մի քաղաք՝ Սան Լուիս Աբիսպո, որտեղ, ըստ իրենց կարգախոսի , ապրում են աշխարհի ամենաերջանիկ մարդիկ: Քաղաքն ունի թանգարան, որի մի պատին ամրացված են օգտագործած մաստակներ: Այս քաղաք այցելողների 90 տոկոսը գալիս է այդ պատը տեսնելու, և թանգարանի այցելուների թիվը, որքան էլ ցավալի է խոստովանել, ավելին է քան մեր բոլոր թանգարանների այցելունների ընդհանուր թիվը ՝ տարվա կտրվածքով: Այս առումով անհրաժեշտ է վերատեսության ենթարկել մեր պատկերացումները թանգարանային գործի վերաբերյալ, հակառակ դեպքում՝ Ծխախոտի, Մերժված սիրո պատմությունների կամ, այսպես ասած, Fast food-ի թանգարանները կարող են ստվերել հազարամյակների պատմությունն ու մշակույթը կրող և ներկայացնող մեր թանգարանները»:
«Մենք պետք է աշխատենք նոր մտածողությամբ՝ որդեգրելով նոր տեխնոլոգիաներ, վիրտուալ հարթակներ, մեր աշխատանքում ներգրավելով ՏՏ ոլորտը: Թանգարանների կրթական և գիտական աշխատանքը պետք է համատեղել աշխարհում տեղի ունեցող գործընթացների հետ»:
Արմեն Ամիրյանի խոսքով՝ դասընթացը միտված է հենց դրան՝ ճիշտ մենեջմենտ, արվեստի ճիշտ կառավարում: Թիրախում Հայաստանի բոլոր թանգարաններն են, մասնավորապես՝ մարզային»,-ասաց Արմեն Ամիրյանը:
ԻԿՕՄ Հայաստանի նախագահ Մարինե Հարոյանն իր խոսքում նշեց, որ ստեղծման առաջին իսկ օրից կազմակերպության գերակա խնդիրներից է եղել թանգարանների աշխատողների վերապատրաստումը, որովհետև արագ փոփոխվող աշխարհում փոխվում են նաև թանգարանների այցելունները, նրանց պահանջները:
«Վերջին տարիներին աշխարհի հեղինակավոր թանգարաններում տեղի են ունեցել առանձքային փոփոխություններ հատկապես ցուցադրությունների կազմակերպման ոլորտում: Մեզ համար շատ կարևոր է ունենալ այդ թանգարնների փորձը, որպեսզի Հայաստանում ևս ձևավորենք կուրատորական այդ ինստիտուտը»:
«Թանգարանային ցուցադրություն. նախագծում և դիզայն» խորագրով դասընթացը կվարեն ԱՄՆ Մետրոպոլիտեն և Սմիթսոնյան թանգարանների, Բրիտանական թանգարանի, ինչպես նաև ԻԿՕՄ Հայաստանի ազգային կոմիտեից ընդգրկված փորձագետները: Մասնակիցների թվում են Հայաստանի և Ջավախքի 25 թանգարնների աշխատակիցներ, անկախ կուրատորներ, «Իմ Հայաստան» ծրագրում ընդգրկված հինգ մարզային թանգարնների աշխատակիցներ:
«Այս միջոցառումն ինչ-որ առումով կապված է 2018-ի սեպտեմբերի 21-ին Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում նախատեսվող Հայաստանի մշակույթը ներկայացնող ցուցահանդեսի հետ»,-ասաց Ամերիկյան կուրատորների ասոցիացիայի նախագահ Հելեն Էվանսը: Նա նաև իր երախտագիտությունը հայտնեց Հայաստանի կառավարությանը՝ 2008 թվականին Մետրոպոլիտենին նվիրած հայկական խաչքարի համար, որը ներկայացված է թանգարանի մշտական ցուցադրությունում:




