

Նախընտրական Հայաստանն արդեն պատմություն է: Ամեն ինչ աստիճանաբար հունի մեջ է ընկնում: Տնտեսական առումնով ինչ է սպասվում առաջիկա ամիսներին. «Ռադիոլուր»-ը փորձել է հասկանալ տնտեսագետների օգնությամբ: Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը լավատես է: Նրա լավատեսության հիմքում այս փուլում ոչ թե թվերն են, այլ վարչապետ Կարեն Կարապետյանի աշխատանքը: «Ռադիոլուրի» հետ զրույցում նա կարծիք է հայտնել, որ վարչապետն իր տված «խոստումները 180 աստիճանով չի շրջի» : Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը նույնպես լավատես է։ Նրա լավատեսությամն հիմքում էլ հետևյալ փաստարկն է. «երբ դու հայտնված ես անդունդում, դրանից վատ բան չի լինում: Դրան պետք է հաջորդի անդունդից դուրս գալու ճիգերը»: Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը լավատեսության հիմքեր չի տեսնում:
Հայաստանի տնտեսական ցուցանիշերը տարեսկզբից խոստումնալից են: Տնտեսական ակտիվության ցուցանիշը վեց տոկոսից ավելի է։ Այն, ի դեպ, 1.5 տոկոսային կետով ավելի է, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Տնտեսական ակտիվության աճին համապատասխան՝ արձանագրվել է պետական բյուջեի եկամուտների 7.2 տոկոս աճ, որը պայմանավորված է հարկային եկամուտների 9.7 տոկոս աճով։ Ֆինանսների նախարարը տնտեսության աշխուժացում է նկատում: Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը համեմատելով՝ հիշեցնում է՝ 2016-ին 2015-ի համեմատ ՏԱՑ վեց տոկոս էր կազմում:
Միայն թե անցյալ տարի այն նաև գյուղատնտեսության հաշվին էր տեղի ունեցել, այս տարի այն չկա: Փոխարենը՝ հանքարդյունաբերության մասնաբաժինն է մեծ տոկոս կազմում:
«40 տոկոս գազի արտադրությունն է, 10 տոկոսը՝ էլեկտրաէներգիայի։ Հաջորդ ամիսներին արդեն տնտեսական աճի համար այլ գործոններ պետք է էական ազդեցություն ունենան»:
Թե որոնք կլինեն այդ գործոնները, տնտեսագետը դժվարանում է նշել: Կարծիքներ են հնչում, որ տնտեսական ակտիվության ցուցանիշն արհեստական է, այն նվազելու է, քանի որ խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին: Այն, որ տնտեսական ցուցանիշերը կարող են նվազել, չի բացառում անգամ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Ի տարբերություն ֆինանսների նախարարի՝ Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը լավատես է: Նրա լավատեսության հիմքում այս փուլում ոչ թե թվերն են , այլ՝ վարչապետ Կարեն Կարապետյանի աշխատանքը:
«Ռադիոլուրի» հետ զրույցում նա նշում է, վարչապետն իր տված «խոստումները 180 աստիճանով չի շրջի»:
Մակարյանի լավատեսության հիմքում նաև նոր ձևավորվող խորհրդարանն է, քանի որ այս գումարման ԱԺ-ում ինտելեկտուալ մասն ապահովված է որոշակի բացառություններով: Ասում է՝ եթե կառավարությունը վարչապետի գլխավորությամբ ավելի ակտիվ եղավ, իսկ դա ՀՀԿ քարոզարշավի ժամանակ էլ նկատվեց, հակառակ իրավիճակն է ստեղծվելու:
Նոր խորհրդարանն էլ կսկսի աշխատել՝ կարծում է: Լավատեսական տրամադրությունները փոխվում են, երբ ԳՀՄՆ Գագիկ Մակարյանը սկսում է թվերի լեզվով խոսել՝ աղքատության, գործազրկության բարձր մակարդակ: Հայաստանը որպես առևտրային գործընկեր պետք է իր տնտեսությունը վերանայի: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը ևս լավատես է՝ թեկուզ փոքր, բայց ավելի լավ է լինելու՝ ասում է զրուցակիցս: Փորձեցինք պարզել նրա լավատեսության հիմքերը:
Հիշեցնենք՝ Վարդան Բոստանջյանն այս ընտրություններին մասնակցում էր «Ծառուկյան» դաշինքով և նախնական տվյալներով նա 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր է:




