
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահությունը հայտարարություն է տարածել՝ կառավարությանն ու վարչապետինն աջակցելու մասին։
Անդրադառնալով երկրի տնտեսությունում առկա իրավիճակին և հանրապետության ներկա կառավարության կողմից իրականացվող տնտեսական արմատական բարեփոխմանը միտված օրախնդիր ու հեռանկարային քայլերին՝ ՀԱԳՄ- ն հայտարարել է.
«Միությունը թեև իր 20-ամյա գործունեության ընթացքում մշտապես զերծ է մնացել երկրում տեղի ունեցած նախընտրական գործընթացներում հրապարակային դիրքորոշում արտահայտելուց, այդուհանդերձ, նկատի ունենալով գործող կառավարության՝ Հայաստանի տնտեսության առողջացմանը, առկա ներուժի նպատակային զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և սոցիալական կարևորագույն ծրագրերի իրականացմանը միտված քայլերը, անհրաժեշտ է համարում սատարել ներկա կառավարությանը և իշխանությունների որդեգրած արմատական բարեփոխումների քաղաքականությանը։
Հավատում ենք, որ ներկա նախընտրական գործընթացում, զորակցելով ՀՀ կառավարությանն ու վարչապետին, նրան առաջադրած քաղաքական ուժին, առաջին հերթին սատարում ենք Հայաստանի տնտեսական վերելքի հեռանկարին և երկրի անվտանգությանը։
Միաժամանակ հայտնում ենք, որ պատրաստ ենք գործուն մասնակցություն ունենալ կառավարության ծրագրերի մշակմանն ու իրականացմանը՝ մեզ հասու բոլոր միջոցներով:
Կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կատարել այնպիսի գիտակցված ընտրություն, որով կապահովվի մեր երկրի անվտանգության ամրապնդման ու տնտեսական արմատական բարեփոխումների շարունակականությունը»,- ասված է հայտարարության մեջ։




