

Տիկնիկների միջազգային օրը Երևանում այսօր նշանավորեցին Տիկնիկների պատկերասրահի բացմամբ: Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, մասնավոր ներդրողի աջակցությամբ կյանքի կոչված պատկերասրահը կգործի Երևանի Աբովյան 1/1 հասցեում: Այս հասցեն նշանավոր է մի քանի պատճառներով:
Երևանի այժմ Աբովյան 1/1 հասցեում 1914 թվականին կառուցված շենքը պատկանում էր Տեր-Ավետիքյանների ազնվական տոհմին: 1921 թվականին մի քանի ամիս այստեղ ապրել է Հովհաննես Թումանյանը: Շենքը նշանավոր է նաև նրանով, որ այս շենքի բակում է ապրել ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանը: Նշանավոր այս հասցեում այսուհետ կգործի Տիկնիկների պատկերասրահը:
Գաղափարի հեղինակ, պատկերասրահի գեղարվեստական ղեկավար Մարինա Խաչմանուկյանի տեղեկացմամբ Պատկերասրահում մշտապես կցուցադրվեն հայկական ծիսական, հնաոճ, խորհրդային տարիների, թատերական, հեղինակային, հուշանվերային տիկնիկներ, տիկնիկներ անվանի հայերի հավաքածուներից: Ցուցադրության կարևոր մաս է կազմում պատկերասրահի առաջին խոշոր նվիրատու Ալիս Նավասարգյանի հավաքածուն /շուրջ 200 տիկնիկ/: Ընդհանուր առմամբ ներկայացված է շուրջ 300 տիկնիկ: Իսկ ինչու՞ պատկերասրահ, Մարինա Խաչմանուկյանը պարզաբանում է.
«Պատկերասրահ. սրահ, որտեղ հավաքված են ոչ թե տիկնիկներ, այլ պատկերներ, կերպարներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը, հոգեբանությունը: Տիկնիկին պետք է մոտենալ որպես արվեստի գործ: Այն բազմաբնույթ երևույթ է, մենք ներկայացնում ենք տիկնիկն իր բոլոր դրսևորումներով: Այսօր տոն է, որովհետև Երևանում , վերջապես, բացվեց այս պատկերասրահը»:
Պատկերասրահում կիրականացվեն կրթական, մշակութային, ժամանցային տարաբնույթ ծրագրեր: Պատկերասրահի գաղափարն իրականություն դարձրած մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը համոզված է, որ այն դառնալու է մեր քաղաքին գույն ու տրամադրություն հաղորդող ամենասիրված անկյուններից մեկը:
«Թանգարանային ոլորտում սա առաջին համագործակցությունն է մասնավոր ներդրողի հետ: Շուրջ 60 հազար ԱՄՆ դոլարի ներդրումը դեռ վերջնական չէ, այն շարունակվելու է: Սա պետություն-մասնավոր համագործակցության լավագույն օրինակը կարող է դառնալ, թե ինչպես կարելի ունենալ թանգարան, որը կլինի ոչ միայն մեր քաղաքի գույնը , զարդը, այլև կունենա բիզնես ծրագիր՝ ինքնաբավ ապրելու հնարավորությամբ»:
Թանգարանը մշակույթ է, արվեստն ու ժողովրդին միևնույն հարթության մեջ պահելու հնարավորություն: Կարծես աստիճանաբար գալիս ենք այն հասկացողությանը, որ Երևան քաղաքի դեմքը ոչ թե բրենդային խանութներն են, որոնք ամենուր նույնն են, այլ նման մշակութային օջախները»,-ասում է Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, որը պատկերասրահի առաջին այցելուներից էր:
Ի դեպ, վերջինների թվում այսօր քիչ չէին նաև արտասահմանցի զբոսաշրջիկները:




