

Հայկական պատմական հողերը Անկարան փորձում է ադրբեջանցիներով բնակեցնել, ու այդ քաղաքականությունը վաղուց է վարվում: Սակայն այստեղ գործընթացը բախվում է քրդական գործոնի հետ ու արդյունքում Կարսում գրանցված բախումների հետևանքով տեղի ադրբեջանցիների թվաքանակը նվազել է, ինչն սակայն չի կարելի ասել Իգդիրի մասին:
Թուրքիայի վարած հետևողական քաղաքականության հետևանքով Իգդիրում ադրբեցանցիների թիվը ոչ պաշտոնական տվյալներով հասել է 110 հազարի, քրդերի թիվը 56 հազար է:
Անկարան տևական ժամանակ է Կարսում և Իգդիրում ադրբեջանցիներին հողատարածքները գնելու հնարավորություն է տվել, ինչը, սակայն, վերջին շրջանում չեն հանդուրժում տեղի քրդաբնակները: Նրանք մտավախություն ունեն, որ ադրբեջանցիների թվաքանակի ավելացումը կարող է խոչընդոտել հայ զբոսաշրջիկների այցը, իսկ զբոսաշրջությունն այդ վայրերում ապրուստի հիմնական միջոց է համարվում:
Քանի որ ադրբեջանցիները վերացնում է այս տարածքներում հայկականի երբեմնի ներկայության հետքերը՝ հայերն էլ զգուշանում են այցելել պատմական Հայաստանի այդ տարածքներ: Այս վիճակը ադրբեջանա-քրդական բախումների հիմք է տվել:
Վերջին բախումը տեղի ունեցավ մոտավորապես 10 օր առաջ, ինչը վերաճեց զանգվածային ցույցերի, դանակահարության ու կրակոցների: Նախիջևանից Կարս ժամանած գործարարը քաղաքի կենտրոնում գնած հողակտորում հայկական պատմական շինությունները փորձել է քանդել ու տեղում հյուրանոցային համալիր կառուցել ու բախվել է քրդական դիմակայության: Թուրք-քրդական հակամարտությունների գծով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը խոսում է թուրքական քաղաքականության խորքային բնույթի մասին.
«Միանգամից երկու հարց են լուծում ՝ հայկական ու քրդերի ինքնավարության ձգտումները կանխելու»:
Կարսը քրդացվող տարածք է համարվում ու քրդերին այս պարագայում ավակցելը՝ Կարսի քրդացմանն աջակցել է համարում «Ռադիոլուրի» հետ զրույցում թուրքագետ Հակոբ Չաքրյանը:
«Իմ կարծիքով թուրքերը տարածքի հարավային ուղղությամբ լուրջ մտավախություն ունեն, մասնավորապես քրդերին ցամաքային դարպաս համարելու ԱՄՆ մոտեցման առնչությամբ»:
Թուրք-քրդական հակամարտությունների գծով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը բարձրացրեց նաև Անիի պարիսպների ու կից տարածքների և Արարատ լեռան հարակից հատվածներում ադրբեջանական տարրի ներթափանցման հարցը:
Թե ինչ զարգացումներ են սպասվում ապագայում՝ դժվար է ասել, սակայն մեկ բան հուսադրող է՝ ադրբեջանա-քրդական բախման հետևանքով Կարսում ադրբեջանցիների թվաքանակը կտրուկ նվազել է: Ոչ պաշտոնական տվյալներով՝ երբեմնի այս քաղաքում 210 հազար քրդեր և 15 հազար ադրբեջանցիներ են բնակվում:




