

Հայկական կողմի առաջարկով ստեղծվում է hայ-ռուսական ներդրումային հիմնադրամ, որը կխրախուսի երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն ու ներդրումներ կներգրավի: Թվային տվյալներ ու մոտավոր կանխատեսումներ անելը դեռ վաղ է, սակայն, «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպության գործադիր տնօրեն Արթուր Բադալյանի վստահեցմամբ, համագործակցությունը ոչ թե կարճաժամկետ, այլ՝ երկարաժամկետ է լինելու: Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը կարևորում է համատեղ հիմնադրամների ստեղծումը: Ընդգծում է՝ եթե ծրագրվում է Հայաստանում ստեղծել ժամանակակից արտադրություններ ու ձեռնարկություններ, ապա ներդրումներն ու հիմնադրամները կարևոր են:
Ռուսաստանը Հայաստանի կարևոր ռազմավարական ու առևտրային գործընկերն է՝ երկուստեք տնտեսական հարաբերություններն ամրացնելու և ամենակարևորը՝ ներդրումներ ներգրավելու նպատակով: Օրերս ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը եւ Հայաստանի «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը հայ-ռուսական ներդրումային ֆոնդ ստեղծելու մասին համաձայնագիր ստորագրեցին:
«ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ տնօրեն Արթուր Բադալյանի փոխանցմամբ, կստեղծվի նաև հայ-ռուսական միասնական ներդրումային հարթակ: Այստեղ ռուսական կողմն ուղղակի ներդրումներ կկատարի: Ռուսական կողմը, ըստ զրուցակցիս, պատրաստ է ներդրումներ կատարել Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ու ՌԴ-ի համար ընդունելի համարվող ճյուղերում.«Գյուղատնտեսություն, նաև՝ վերամշակող, արդյունաբերություն, ՏՏ, էներգետիկա, տրանսպորտ»:
Այժմ հայկական ծրագրերը հստակեցնելու և ռուսական կողմի հետ քննարկելու փուլն է՝ ասում է Արթուր Բադալյանը: Ներդրումային նախնական գումարը կկազմի 50 մլն դոլար։ Այստեղ կարևորը ոչ թե գումարն է, այլ՝ ծրագրերը՝ վստահեցնում է:
«Ոնց հասկացանք, ներդրումներ անելու ծավալային խնդիր չկա, ակնկալում են առողջ ու կողմերի համար շահավետ ծրագրեր, որտեղ ներդրումներ կարվեն»:
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը կարևորում է համատեղ հիմնադրամների ստեղծումը: Ընդգծում է՝ եթե ծրագրվում է Հայաստանում ստեղծել ժամանակակից արտադրություններ ու ձեռնարկություններ, ապա ներդրումներն ու հիմնադրամները կարևոր են:
Առաջիկայում կստեղծվեն նաև հայ- ռուսական նոր համատեղ ձեռնարկություններ: Թե երկու երկրների միջև որքանո ՞վ կավելանա առևտրաշրջանառությունը, դժվար է ասել:
Փոխարենը հստակ է մի բան՝ համագործակցությունը ոչ թե կարճաժամկետ, այլ՝ երկարաժամկետ է: Համենայնդեպս ՓՄՁ ներդրումներ, ՈւՎԿ ՓԲԸ գործադիր տնօրեն Արթուր Բադալյանն այդպես վստահեցրեց:




