

Վրաստանի Բաթումի քաղաքում մարտի 11-ի երոկոյան սկիզբ առած ու ողջ գիշեր տեղի ունեցած զանգվածային անկարագություններից ու ցույցերից հետո քաղաքն իր բնականոն հուն է մտել: Վերականգնվել են ծովափնյա քաղաքի կենտրոնական մի քանի փողոցներում վնասված ենթակառուցվածքները, դեպքի վայրից հեռացվել այրված մեքենաները: Հարցի շուրջ, սակայն, Վրաստանի իշխանություններն ու ընդդիմադիրները շարունակում են միմյանց մեղադրել` իրադարձություններում քաղաքական պատճառներ տեսնելով:
Աջարիայի Բաթումի քաղաքում առաջին հայացքից սոցիալական խնդրից առաջացած անկարգությունները քաղաքական ծրագրի մի մաս են կազմում: Այսպես է կարծում վերլուծաբան Գիա Սակվերիլիձեն` նշելով, որ ծրագիրը, սակայն ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» անդամները անհաջող կերպով էին կազմակերպել. «Որոշ կոնկրետ փաստեր ստիպում են ինձ մտածել, որ դա կազմակերպված էր «Միացյալ ազգային շարժման» կողմից: Նրանք իրենց աջակցությունն են հայտնել այդ գործընթացին` նպաստելով այլ շրջաններում ևս նմանօրինակ ակիցիաների անցկացմանը»:
Հիշեցնեմ, Բաթումի քաղաքում բնակիչների ու ոստիկանների միջև բախումների պատճառ էր դարձել ճանապարահային երթևեկության կանոների խախտման համար նախատեսված տուգանքների աճը, հատկապես այն բանից հետո, երբ վարորդները հրաժարվել են վճարել` պնդելով, որ խախտում չեն արել: Քաղաքացիների ինքաբուխ ակցիան հասել է Աջարիայի Ներքին գործերի գլխավոր վարչության շենքի տարածք` որտեղ ցուցարները պահանջել են Ոստիկանապետի հրաժարականը, քարեր նետել ոստիկանական մեքենաների ուղղությամբ, շրջել ու այրել դրանք:
Ընդդիմադիր «Ռութավի 2» հեռուստաալիքը շրջանառում է ցույցի որոշ մասնակիցների մեկնաբանությունները, ովքեր նշում են`ոստիկանապետ Լաշա Գոգնիաշվիլին Աջարիայի մահմեդական վրացիներին «թաթարներ» է անվանել:
Քաղաքական վերլուծաբան Սակվարելիձեի խոսքով, ակնհայտ է, որ այս ամենը կազմակերպված էր. «Միացյալ ազգային շարժումը մտադիր է երկրի անկայուն իրավիճակի ստեղծման իր ծրագիրը փորձել նաև Աջարիայում»:
Մեկ այլ վերլուծաբան Գիա Խուխաշվիլին, սակայն, խորհուրդ է տալիս իրադարձությունների պատճառը փնտրել սոցիալական ոլորտում: Նրա կարծիքով, ընդդիմությունը փորձել է օգտվել առիթից, սակայն դա չի նշանակում, որ այն քաղաքական դրդապատճառներ ունի.
«Բնական է, որ ամեն անգամ նման դեպքերում սկսվում են փոխադարձ մեղադրանքները: Այժմ կարևոր է, որ հետաքննությունը ճիշտ գնահատական տա` միջադեպի հիմքում սոցիալական խնդիրներ էին, սակայն այստեղ քաղաքականությունն է խառնվել, կամ պայքար է ընթանում կառավարության ներսում…»:
Ի դեպ, Բաթումիի բախումներից ժամեր առաջ մայրաքաղաք Թբիլիսիիում բազմամարդ հանրահավաք էր անցկացվել ի աջակցություն ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության խոսափողը համրվող «Ռութավի 2» հեռուստաընկերության, որը, սակայն, խաղաղ է ընթացել:
Բաթումիիում տեղի ունեցած անկարգությունների վերաբերյալ «Ռադիոլուրի» հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց Աջարիայի հայ համայնքի մամուլի խոսնակ Արթուր Հովհաննիսյանը` հույս հայտնելով, որ ապագայում նման իրադարձությունները չեն կրկնվի. «Տեղի ունեցածը մեր քաղաքին սազական չէր. Բաթումին միշտ եղել է համերաշխ, հանդուրժող ու բարեկամության քաղաք և այդպիսին էլ պետք է մնա»:




