

Այսօր մեկնարկել է Աժ հերթական քառօրյա աշխատանքը: Թեեւ մինչեւ առաջիկա խորհրդարանական ընտրությունները կա եւս մեկ քառօրյա, բայց պատգամավորներից շատերն արդեն կանխատեսում են, որ սա վերջին աշխատանքային քառօրյան է։ Հաջորդը համընկնելու է քարոզարշավի թեժ շրջանի հետ։ Հետեւաբար կարծում են, թե մարտի 20-ից մեկնարկող քառօրյան կտապալվի: Այսօր նույնպես խորհրդարանի աշխատանքի մեկնարկը թեժ էր: Շուրջ մեկ ժամ պահանջվեց պատգամավորներից օրակարգը հաստատելու համար:
Նախընտրական աղմուկը եւ թեժ մթնոլորտը կարելի է ասել, որ արդեն տեղափոխվել է խորհրդարան: Ահա այս պահին պատգամավորները՝ ձայնալարերը չխնայելով վիճում են միմյանց հետ, պարզելու՝ ով է ընտրակաշառք բաժանողը: Ամենաուշագրավն այն է, որ վիճում են եւ պատասխան են պահանջում այն հարցի շուրջ, թե օրինակ՝ Գյումրիում ով էր ընտրակաշառքի գին բարձրացնողը: Ասեմ, որ այս աղմուկը եւ այսպիսի որակի քննարկումը տեղի է ունենում ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի հաստատման ընթացքում:
Պատգամավոր Լյովա Խաչատրյանը պահանջում է մինչեւ ընտրություններ շուտափույթ փոխել ընտրական օրենսգիրքը, բայց Աժ ղեկավարությունից լսեց պատասխան՝ օրենսգիրքը ամենաքննարկված փաստաթղթերից մեկն եւ ընդունելի է գրեթե բոլոր քաղաքական ուժերի համար: Պատգամավորներից շատերին սակայն արդեն մտահոգել է, որ քարոզարշավը դեռ չսկսած «ռեյտինգային» ցուցակով առաջադրվածների միջեւ սկսվել է ուժային պայքար՝ բառի բուն իմաստով: Երեկ հայտնի դարձավ Փարպի գյուղում տեղի ունեցած ծեծի մասին: Ահազանգի համաձայն՝ հանրապետականի անունից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավոր Բազմասեր Առաքելյանի այսպես ասած «քարոզչության» արդյունքում դաշնակցության համակիրներից մի քաղաքացի հայտնվել է հիվանդանոցում: Արագածոտնի մարզի դատախազի կողմից միջադեպի վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ոստիկանության Աշտարակի բաժին: Դաշնակցական պատգամավորներն այս հարցի մեկնաբանություններից այսօր խուսափում էին:
Առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ խախտումների, քաղաքացիների համատարած վերագրանցումների եւ բաժանվող ու խոստացվող ընտրակաշառքների մասին այսօր հայտարարում էին ՀԱԿ-ի, ՕԵԿ-ի, ԲՀԿ-ի ու նույնիսկ Հանրապետականի պատգամավորները:
Այսօր նշվում էին նաեւ մի շարք ընկերությունների անուններ, որոնց ղեկավարներն աշխատակիցներին պարտադրում են գնալ քվեարկելու կոնկրետ թեկնածուի օգտին, դուրս գալ հաշվառումից եւ մեկ այլ վայրում հաշվառվել։




