

Գործադիրում որոշել են կրճատումների ու օպտիմալացման արդյունքում տնտեսված գումարների մի մասն ուղղել մարզերի հրատապ խնդիրների լուծմանը: Պահուստային ֆոնդից կառավարությունն այս փուլում 5 մլրդ դրամ կհատկացնի: Գումարի նկատմամբ վերահսկողությունը խիստ է լինելու: Սյունիքի ու Լոռու մարզպետերը «Ռադիոլուրի» հետ զրույցում մատնանշել են հրատապ լուծում պահանջող խնդիրները, բնակիչների համար առաջնահերթություններն այլ են:
Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում աղքատ է բնակչության 29,8 տոկոսը: Այն հատկապես բարձր է մարզերում: Ցանկացած մարզ այցելելիս՝ քաղաքացիների հետ զրույցը կամա, թե ակամա գործազրկության մասին է, այստեղից էլ՝ սոցիալական ծանր պայմանները՝ ու ոչ միայն: Զրուցակիցներս վանաձորցիներն են։ Նրանք իրենց ցանկություններում ոչնչով չեն տարբերվում հանրապետության մյուս մարզերի բնակիչներից, մի փոքր ավելի ինքնատիպ կցանկանային լինել, սակայն հոգսերն ավելի շատ են
«Առաջնայինը ժողովրդի սոցիալական վիճակը պետք է բարելավել, աշխատատեղ լինի, նպաստ բարձրանա, ոչ երիտասարդությունը չգնա ընկնի ռուսաստանները:
Տնտեսագետ Բագրատ Ասատրյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում պատասխանատուներին հերթական անգամ հիշեցնում է՝ նրանք պետք է ի վերջո հասկանան, որ կարևորը ժողովուրդն է, ոչ թե իրենք, պետք է լուծումներ գտնել քաղաքացիների բարձրացրած խնդիրների լուծման համար:
«ՀՀ-ն այս տարիներին բնութագրվում է ամենաբարձր արտագաղթով: Տարեկան բնակչության երկու տոկոսից ավելին թողնում, հեռանում է: Գիտեք՝ ովքեր են՝ եռանդունները, կարողն է, համեմատաբար երիտասարդն է, ձգտում ունեցողը: Իսկ ով է մնում՝ նա ՝ ով շատ հնարավորություններ չունի»:
Խնդիրների մասին կառավարությունում տեղյակ են: Տարբեր ծրագրերով փորձում են ինչ- որ բան փոխել: Աշխատատեղերի ստեղծման ու ընդհանրապես մարզերի հրատապ խնդիրների լուծման նպատակով կառավարությունը որոշել է գումարներ հատկացնել: ԾԻԳ-երի ավելորդ ծախսերի կրճատման ու օպտիմալացման արդյունքում, վարչապետ Կարեն Կարապետյանի խոսքով, 5 մլրդ դրամ են տնտեսել ու տրամադրելու են մարզերի կարևորագույն խնդիրների լուծմանը:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում, մատնանշելով իրենց մարզի հրատապ խնդիները, առանձնացնում է համայնքներում ենթակառուցվածքների հարցերը:
Սյունիքում նույնպես առանձնացրել են հրատապ լուծում պահանջող խնդիրները: Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է՝ հակասողանքային հարցերն են առաջնային և ոչ միայն:
Օրակարգում է նաև Կապանի օդանավակայանի վերագործարկման ծրագիրը։ Այն ներառված է Սյունիքի մարզի զարգացման ծրագրում: Նախնական հաշվարկներով՝ անհրաժեշտ կլինի մոտ 2 մլն դոլար:
Մարզերում և ոչ միայն ներդրումային ծրագրերի ներգրավումը առաջնահերթություններից մեկն է: Կառավարության ղեկավարն այս մասին պարբերաբար է հիշեցնում:
Կառավարությունն իր վերջին նիստում պահուստային ֆոնդից 1 մլրդ 4 մլն ՀՀ դրամ գումար արդեն հատկացրել է ՀՀ մարզերում դպրոցաշինության, նախադպրոցական հաստատության, բնակարանաշինության, ճանապարհաշինության, ջրամատակարարման, ոռոգման և այլ ոլորտներում կապիտալ և սոցիալական բնույթի ծրագրերի իրականացման նպատակով:




