

Ֆինանսների նախարարությունը բարեփոխումների հերթական նախագիծն է նախապատրաստել: Այն հաջորդ շաբաթ կներկայացնեն մասնագիտական հանրությանը: «Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին» օրենքներում արմատական փոփոխություններ են առաջարկվել, օրակարգում է նաև Հաշվապահական հաշվառման ու աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքի նախագիծը: Կարգավորվող դաշտի ներկայացուցիչներից մի քանիսը՝ աուդիտորները «Ռադիոլուրի» հետ զրույցում դրական են գնահատել նախաձեռնությունը: Որակավորված աուդիտոր Վրեժ Մխիթարյանը, սակայն, պարտադիր բաղադրիչին է դեմ։ Նա համակարգում այնպիսի մեխանիզմների ներդրման անհրաժեշտություն է տեսնում, որ տնտեսվարողն ինքը ցանկություն ունենա ֆինանսական հաշվետվությունները կարգի բերել:
Ֆինանսների նախարարությունն ընդառաջել է մասնագիտական հանրությանը՝ հաշվապահական հաշվառման ու արտաքին աուդիտի ոլորտի կարգավորումը հանձնելով այդ նպատակով օրենքով ստեղծվելիք մասնագիտացված կառույցին: Մինչ այժմ այն նախարարությանն էր վերապահված: Ֆիննախին կվերապահվի ոլորտների նկատմամբ հսկողության գործառույթը: Նախաձեռնությունը մասնագետներին արդեն հաջորդ շաբաթ կներկայացվի: Միանգամից երեք օրենսդրական փոփոխություններ կկատարվեն։
Արդյունքում՝ դրանք երկուսում արմատական կլինեն, կունենանք նաև ևս մեկ նոր՝ «Հաշվապահական հաշվառման ու աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենք, կստեղծվի մասնագիտացված կառույց՝ պալատ: Ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանի փոխանցմամբ.«Պալատի գործառույթը փոխանցել Հայաստանի հաշվապահների ու աուդիտորների ասոցիացիայի հիման վրա ստեղծված պալատին ՝ որակավորված հաշվապահների ու աուդիտորների պալատ, իսկ հսկողության գործառույթը կիրականացնի խորհուրդը, որը կգործի ֆինանսների նախարարի հրամանով։ Այն կլինի նախարարությանը կից, կգործի հասարակական հիմունքներով»:
Խորհուրդը նախնական՝ յոթ անդամ կունենա, 4- ը ֆինանսների նախարարությունից, 2- ը՝ ԿԲ- ից, 1- ը՝ հասրակական կազմակերպություններից: Աուդիտորական գործունեությամբ զբաղվող «Ասատրյանս» ընկերության փոխտնօրեն Ալբերտ Ասատրյանը խորհրդի անդամների նախնական կազմից դժգոհություններ չունի: Ֆինանսների նախարարությանը վստահում է, նախաձեռնությանն էլ կողմ է։ Նա էլ է փոխնախարար Դավիթ Անանյանի նման միջազգային փորձը մատնանշում:
Ֆինանսների նախարարությունում ցանկանում են վերականգնել պարտադիր աուդիտի նորմը, որը հանվեց 2014թ: «Ռադիոլուրի» հետ զրույցում «Պրոֆիկոն» ընկերության ֆինանսական տնօրեն, որակավորված աուդիտոր Վրեժ Մխիթարյանը պարտադիր բաղադրիչին է դեմ, նա կարծում է, որ համակարգում պետք է այնպիսի մեխանիզմներ ներդրվեն, որպեսզի տնտեսվարողն ինքը ցանկություն ունենա ֆինանսական հաշվետվությունները կարգի բերել, օրինակ, դրական եզրակացություն ստացած կազմակերպությունները հնարավորություն ունենան մասնակցել գնումների գործընթացին:
Ինչո՞ւ, տնտեսվարողների մի մասը խուսափում է թափանցիկ ֆինանսական հաշվետվություն ունենալու հնարավորությունից՝ հարցնում եմ զրուցակցիս.«Ինչ- որ բան են թաքցնում, չեմ կարծում, որ եթե ես բաց ու թափանցիկ աշխատեմ, ինչ ունեմ թաքցնելու»:
Հիշեցնեմ՝ մինչ օրենսդրական այս նախաձեռնությունը, բոլոր խոշոր կազմակերպությունները ֆինանսական հաշվետվություն ներկայացնելուց առաջ պարտադիր աուդիտ էին անցնում:
Աուդիտորական գործունեության լիցենզավորման պարտադիր պահանջն առաջարկվում է փոխարինել աուդիտորական կազմակերպությունների ռեեստրի վարման գաղափարով: Այժմ գործունեություն իրականացնելու համար պետք է ֆիննախից ստանան համապատասխան հավաստագիր: Այս գործառույթն էլ կփոխանցվի պալատին: Ավելին, այս կառույցը կստանա նաև աուդիտորական կազմակերպությունների կողմից վճարվող տարեկան 250 հազար դրամը: Պետբյուջեն այսպիսով ամեն տարի կկորցնի շուրջ 9 մլն դրամ: Փոխարենը, ըստ մասնագետների, ոլորտը առավել թափանցիկ ու արդյունավետ կդառնա:




